Thursday, July 8, 2010

«Կարգին» հայհոյանքներ թուրքական խորհրդարանում

News.am. 8-7-2010- Թուրքական խորհրդարանում հերթական անգամ հայհոյախառն վիճաբանություն է տեղի ունեցել, որը պատգամավորները եւ խորհրդարանի վարչական աշխատակիցները հազիվ են հանդարտեցրել։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հուլիսի 7-ի խորհրդարանական քննարկումների ընթացքում խիստ վիճաբանություն է տեղի ունեցել Էսքիշեհիրից ընտրված անկախ պատգամավոր Թայֆուն Իչլիի եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրը Սաքըքի միջեւ։ Թայֆուն Իլչին ամբիոնից ելույթ ունենալիս կոչ է արել մերժել քրդական կուսակցության առաջարկած օրինագիծը՝ քուրդ պատգամավորներին անվանելով ռասիստ եւ ֆաշիստ։ «Սրա անունը ժողովրդավարություն չէ։ Օրերով այստեղ լսում եմ, թե ինչպես են նրանք ահաբեկիչներին պարտիզան անվանում, իսկ ահաբեկիչների պարագլուխ Օջալանին պարոնով են դիմում։ Եթե խոսքի ազատություն է, սա էլ իմ խոսքի ազատությունն է՝ նրանք ռասիստներ եւ ֆաշիստներ են»,- նշել է Էսքիշեհիրից ընտրված պատգամավորը։ Այս վիրավորանքին արագ արձագանքել են քրդական կուսակցության պատգամավորները, սակայն Մուշից ընտրված Սըրը Սաքըքը չի դիմացել եւ շարժվել է ամբիոնի ուղղությամբ։ Գործընկերները փորձել են զսպել Սաքըքին, իսկ նա այդ ընթացքում թուրքերեն հայտնի հայհոյանքով Թայֆուն Իչլիին «հեռու տեղ» է ուղարկել։

No comments: