Wednesday, July 7, 2010

Ալիև. «Հինգ շրջան վերադարձվում են անմիջապես»

News.am. 7-7-2010- Խոսելով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Բանակցություններում երբևէ կասկածի տակ չի դրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսօր առաջարկվող Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը պայմաններ է ստեղծում վերականգնելու Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը շարունակում բանակցությունները։ Այսօր համանախագահող երկրներն ավելի ազատ են արտահայտում իրենց դիրքորոշումը՝ հիմնահարցը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում Հելսինկյան սկզբունքները. այստեղ կարևոր սկզբունք է տարածքային ամբողջականությունը։ Կա նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Սակայն այդ սկզբունքը չպետք է վնասի երկրի տարածքային ամբողջականությանը՝ հակասության մեջ մտնելով դրա հետ։ Ժողովուրդների ինքնակառավարման և ինքնորոշման հնարավորությունները չպետք է խախտեն երկրի տարածքային ամբողջականությունը։ Այսպիսին են Հելսինկյան սկզբունքների էությունն ու իմաստը։ Առաջին հերթին՝ հայկական զինված ուժերը դուրս են գալիս ԼՂ հարակից տարածքներից։ Հինգ շրջան վերադարձվում են անմիջապես, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինը, որոշակի ժամանակահատվածում։ Առաջարկություններում նախատեսված է 5 տարվա ժամանակահատված»։ Նույն ոգով շարունակելով իր ելույթը՝ Ադրբեջանի նախագահն ասել է, թե իրենք «պոկ չեն գա Հայաստանից այնքան ժամանակ, մինչև որ չվերականգնեն իրենց «տարածքային ամբողջականությունը»։ Իլհամ Ալիևը նշել է նաև, թե այսօրվա Ադրբեջանը այնպիսին չէ, ինչպիսին 20 տարի առաջ էր։ «Այսօր մեր բանակն ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր։ Հայաստանի և Ադրբեջանի զինվորները կանգնած են դեմ-դիմաց։ Հաճախ նրանց միջև հեռավորությունը 40-50 մ է։ Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ այնտեղ չեն կարող լինել անցանկալի իրադարձություններ»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

No comments: