Wednesday, July 21, 2010

Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Սիրիայի աջակցությունը Եղեռնից մազապուրծ իր հազարավոր զավակներին. ՀՀ ԱԺ նախագահ

Հուլիսի 20-ին Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում Ժնևում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ։ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ամենաջերմ զգացումներն են տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր բարեկամությունը։ «Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որ Սիրիայում արժանացան Եղեռնից մազապուրծ նրա հազարավոր զավակները»,– ասել է Հովիկ Աբրահամյանը՝ փաստելով, որ հայ-սիրիական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա և երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական տասնյակ փաստաթղթերը և բարձր մակարդակի շփումներն ամուր հիմք են ստեղծել Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար։ Հայաստանը շահագրգռված է աշխատել հայ-սիրիական քաղաքական, առևտրատնտեսական, գիտամշակութային, կրթական և այլ բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Նշելով, որ Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան-Սիրիա բարեկամության խումբ` ԱԺ նախագահը կարևորել է բարեկամական խմբերի դերը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում։ Մահմուդ ալ-Աբրաշի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, նշելով, որ 21-րդ դարում հակամարտությունները չպետք է լուծվեն ռազմական ճանապարհով։ «Մեր երկիրը կողմ է խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,– ասել է նա։ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու խորհրդարանների միջև համագործակցության հետագա զարգացումը և տեղեկացրել, որ Սիրիայի խորհրդարանում նույնպես ստեղծվել է պատգամավորական բարեկամության խումբ։ Նա նշել է, որ Սիրիան, ինչպես և Հայաստանը խաղաղասեր երկիր է և շեշտել հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

No comments: