News.am- 7-7-2010- «Տարածաշրջանային այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ամենակարեւոր եւ անկեղծ հայտարարությունը եղել է այն, որ նա խոստովանել է, թե Վաշինգտոնն ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը»,- «կլոր սեղանի» ընթացքում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, ազնիվ կլինի, եթե Ռուսաստանն ու Ֆրանսիան նույնպես հանդես գան նման հայտարարություններով, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել միայն կողմերը, որոնք սակայն այդ ճանապարհին միաժամանակյա քաղաքական կամք չեն ցուցաբերում: Ընդ որում,նա ընդգծել է, թե կարգավորման մեջ առաջընթացը մեծ չափով պայմանավորված է ժողովրդավարությամբ: «Այդ իմաստով ես ողջունում եմ ժողովրդավարական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում, որոնք տվյալ առումով գերազանցում են ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլեւ ԱՄՆ շատ նահանգների»,- նկատել է Կիրակոսյանը:
Խոսելով Մինսկի գործընթացի մասին՝ Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծել է, թե այն ուղղված է հայկական կողմի ենթակայության տակ գտնվող տարածքների ճակատագրի լուծմանը եւ այնպիսի ուղիների որոնմանը, որոնց դեպքում Ադրբեջանը հանգիստ կթողներ Լեռնային Ղարաբաղը:
«Սակայն Բաքուն որդեգրել է մաքսիմալիստական դիրքորոշում, կամ ամեն ինչ, կամ ոչինչ»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով, Ադրբեջանը, օրինակ վերցնելով Թուրքիայից, վերջին շրջանում սկսել է ագրեսիվ քաղաքականություն վարել՝ փորձելով քաղաքական հարցերը լուծել ռազմական եղանակով: Ընդ որում, լարվածությունը ձեռնտու է Ռուսաստանին, որը փորձում է իր խաղաղարարներին տեղակայել Հարավային Կովկասում:
«Ամենաուշագրավն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը միակն է, որտեղ դրա սուբյեկտը չի մասնակցում բանակցություններին: Դա նույնն է, թե պաղեստինյան հակամարտության կարգավորմանը մասնակցեին Հունգարիան եւ Հարավաֆրիկյան հանրապետությունը»,- ամփոփել է փորձագետը:
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment