Wednesday, July 7, 2010

ՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

«Լրագիր» 7-7-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում գերտերությունների ակտիվությունը հարց է առաջացնում, թե ինչ զարգացումներ կարելի է սպասել կարգավորման գործընթացի ուղղությամբ, եւ արդյոք կլինի ստատուս-քվոյի փոփոխություն: Այդ մասին զեկույցով Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կետրոնում կազմակերպված քննարկմանը հանդես է եկել կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը: Մանվել Սարգսյանի կարծիքով, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի միջազգային բաղադրիչը փոխվել է եւ պետք է հասկանալ, թե ինչն է փոխվել եւ ինչ է պետք սպասել դրանից: Նրա խոսքով, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում էական էին Երեւանում Հիլարի Քլինթոնի արած հայտարարությունները, մասնավորապես այն, որ ԱՄՆ չի կարող լուծել Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Մանվել Սարգսյանը նշում է, որ վերջերս էլ Ռուսաստանի անունից այդօրինակ հայտարարություն Ստամբուլում արեց Վլադիմիր Պուտինը, եւ ելնելով նաեւ նրանից, որ Քլինթոնը Երեւանում հայտարարեց, որ ի տարբերություն այլ հարցերի, Ղարաբաղի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ աշխատում են համատեղ, Մանվել Սարգսյանը եզրակացնում է, որ հարցի լուծման Ադրբեջանի ակնկալիքը գերտերությունները չեն արդարացնում: Մանվել Սարգսյանը նշում է նաեւ հանգամանքը, որ գերտերությունները Թուրքիային էլ ոչ ասացին հայ-թուրքական հարցը Ղարաբաղի հարցի հետ կապելու ջանքին ի պատասխան: Ըստ Մանվել Սարգսյանի, այդ իրողությունն է պատճառը, որ Ադրբեջանը դիմեց շանտաժի քաղաքականության եւ նախաձեռնեց Չայլուի դիվերսիան: Ըստ փորձագետի, միջազգային հանրությունն այդ շանտաժին բավական խիստ պատռասխանեց, ինչն արտահայտվեց Կանադայում Մեծ Եռյակի` ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների հայտարարության տեսքով: Ի տարբերություն նույն երեք նախագահների նախորդ տարի Ակվիլայում արած հայտարարության, ուր նշվում էր, թե “օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի ենթակայության տակ”, Կանադայի հայտարարության մեջ ընդամենն ասվում է, որ պետք է վերադարձվեն, իսկ թե ում, չի նշվում: Այդ համեմատությունն անցկացնելով, Մանվել Սարգսյանն ասում է, որ դա շատ էական տարբերություն է, եւ միջազգային հանրությունն Ադրբեջանին դրանով հասկացրեց, որ շանտաժը չի անցնում: Ըստ փորձագետի, պատահական չէ նաեւ, որ Հայաստանի արտգործնախարարությունն անմիջապես որսաց այդ տարբերությունն ու Կանադայի հայտարարությունից հետո հայտարարեց, որ օկուպացված տարածքներ են Գետաշենը, Շահումյանը, Մարտակերտի մի մասը: Ըստ Մանվել Սարգսյանի, շատ էական էր նաեւ Հիլարի Քլինթոնի Բաքվում արած հայտարարությունը, երբ ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ կան Ադրբեջանի թշնամի պետություններ, որոնք չեն հարգում նրա տարածքային ամբողջությունն ու անկախությունը: Ըստ Մանվել Սարգսյանի, Հիլարի Քլինթոնն այդ ձեւով փորձել է Ադրբեջանին հասկացնել, որ այժմ Ադրբեջանը պետք է մտածի իր մնացյալ մասի անվտանգության մասին: Մանվել Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանն իր միակողմանի միլիտարիզացիայի հետեւանքով, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցը լուծելու համար ամեն գնով ցանկացած նախաձեռնության մեջ ներգրավվելու քաղաքականության հետեւանքով միջազգային հանրության համար դառնում է խնդիր, եւ այժմ Ղարաբաղի հակամարտության գործընթացում ոչ այնքան բուն կարգավորման, որքան Ադրբեջանի հարցն է էապես դրված, թե ինչ է այն իրենից ներկայացնում որպես պետություն, ինչ ապագա է սպասվում այդ պետությանը:

No comments: