«Լրագիր» 7-7-2010- Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը փաստացի ընդունել է, որ Ադրբեջանն այլեւս չի հավակնում նախկին ԼՂԻՄ տարածքին: Հուլիսի 6-ի իր ելույթում նա խոսում էր նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքների վերադարձի եւ ԼՂՀ ու Հայաստանի միջեւ ցամաքային միջանցքի մասին: Չնայած ռեվանշիզմի սոուսին, Ալիեւի ելույթը նույնիսկ խղճալի էր:
Ալիեւի խոսքի տոնն իսկապես փոխվել է: Այնպիսի զգացողություն է, թե նա համակերպվել է Ղարաբաղի կորստի հետ եւ փորձում է դրան պատրաստել նաեւ իր ժողովրդին: Ընդ որում, ոչ միայն նրան, որ Ղարաբաղն այլեւս չկա, այլեւ այն բանին, որ շրջանները վերադարձվելու են ոչ միանգամից, ընդ որում, նաեւ փախստականները:
“Առաջին հերթին, “օկուպացիոն ուժերը” դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր “օկուպացված” շրջաններից: 5 շրջան ազատվում է անմիջապես, իսկ երկու շրջան` Լաչինը եւ Քելբաջարը, որոշ ժամանակ անց: Դրա պատճառն այն է, որ Քելբաջարի ու լաչինի շրջանները տեղակայված են Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ գործում է ճանապարհ, այսինքն միջանցք: Լեռնային Ղարաբաղի վարչական սահմաններին պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր”, ասել է Ալիեւը:
Նրա խոսքով, քննարկվում է Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակ շնորհելու խնդիրը: “Այդ կարգավիճակը չի խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, Շուշի: Թեեւ դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի”, հայտարարել է Ալիեւը:
Այսքան տարվա ռեվանշիստական քարոզչությունից հետո Ալիեւին դժվար թե հաջողվի այդքան հեշտ համոզել հասարակությանը պարտությունն ընդունելու անհրաժեշտության մեջ: Վերլուծաբանները կանխատեսում են ազգայնականության բռնկում, առավել եւս Ադրբեջանում խորհրդարանի ընտրության շեմին: Վերջին 20 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությունն Ադրբեջանում փոխվել է, երբ փոխվել է վիճակը Ղարաբաղյան ճակատում:
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment