Monday, July 19, 2010

ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ ՀՈ ՉԵ՞ՆՔ ԿՐԱԿԻ

Ներքաղաքական կյանքը հակադրվել է արտաքին քաղաքական սպասելիքներին Հարցազրույց Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ -Վերջերս շրջանառության մեջ տեսակետ է դրվել, թե պետք է քաղաքական գործընթացները տեղափոխել երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հարթությունից: Այդ միտքը եղավ նաեւ Ժառանգություն կուսակցության վերջին համագումարի ժամանակ: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան: -Իմ կարծիքով, այդ երեք մարդիկ միայն մեկ ընդհանրություն ունեն, որ նրանք եղել են ՀՀ փաստացի նախագահը: Եվ այստեղ այսքանով նրանց միջեւ ընդհանրությունները վերջանում են: Այս երեքին նույնացնելը ես համարում եմ կոպիտ սխալ: Ավելին, այստեղ սեփական անձը մնացածից տարբերելու նրբերանգներ եմ տեսնում, իսկ դա լավ ու ազնիվ չեմ համարում: Թող ների ինձ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ես իրեն ճիշտ չեմ հասկացել -Այդ կոնտեքստում շեշտվում է միտքը, որ քաղաքական գործընթացներն այդ անձերի հարթությունից տեղափոխել: Որքանո՞վ է դա հնարավոր: -Ես շատ օրինաչափ եմ համարում փաստը, որ քաղաքական գործընթացները այդ երեք մարդկանց շուրջ են ընթանում: Նրանցից մեկն այսօր փաստացիորեն զբաղեցնում է նախագահի պաշտոնը, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ղեկավարում է ընդդիմությունը: Նրա առաջնորդությամբ գործում է 18 կուսակցություններից բաղկացած Հայ Ազգային Կոնգրեսը, որն իր թե քանակով, թե պայքարում ունեցած ներդրմամբ, թե մտավոր ու ծրագրային մոտեցմամբ հասարակության մեջ շատ լուրջ ազդեցություն ունի: Այնպես որ, ես բնական եմ համարում փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ պետք է պտտվեին քաղաքական հետաքրքրությունները: Ավելին, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք զարմանում են: Եթե ուզում են, եթե կարող են, թող իրենք դառնան այն անհատը, այն ուժը, որի կողքին կհամախմբվեն քաղաքական ուժերն ու ժողովուրդը, եւ թող իրենց շուրջ պտտվեն քաղաքական գործընթացները: Բայց փաստն այն է, որ ժողովուրդը, քաղաքական ուժերը համախմբվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, եւ ես դրանից շատ գոհ եմ: -Երրորդ ուժ, երրորդ բեւեռ ձեւավորելը հնարավոր համարո՞ւմ եք: -Չկա մի հարց, որի շուրջ Հայ Ազգային Կոնգրեսը չունենա իր ծրագրային մոտեցումները, խնդրի լուծման ուղիները: Եվ Կոնգրեսի առաջարկած մոտեցումներից տարբերվող մոտեցումներ ասելը գրեթե անհնար է: Այստեղ չկա այն բացը, որի վերաբերյալ նոր ուժը նոր տրամաբանությամբ, նոր մոտեցումներով ի հայտ գա եւ իր հետեւից տանի ժողովրդին: Եթե կա` թող այդ ուժն իր ասելիքն ասի, ձեւավորի երրորդ ուժը, մենք էլ կտեսնենք այդ ասելիքի` իրականության հետ համընկնելու հնարավորություններն ու սահմանները, քննարկենք, բանավիճենք: Բայց այդ ուժը պարզապես չկա: Այսօր Հայաստանում մի կողմից կա իշխանություն, մի կողմից` ընդդիմություն: Ընդ որում` իմ խորին համոզմամբ, այսօր ժողովրդի 99 ու ավելի տոկոսն ընդդիմություն է: Եվ այդ 99 ու ավելի տոկոսը, որ ուզում է փոփոխություններ, որպես փաստացի ազդեցություն ունեցող ուժ տեսնում է Հայ Ազգային Կոնգրեսին, նրա ճանապարհով է գնում: Այնպես որ, ես քիչ հավանական եմ համարում, որ ինչ-որ ուժեր կարող են իրենց գաղափարներով հասարակությանը շեղել: Շեղելու համար անցած ուղի է պետք ունենալ, գիշերները փողոցներում մնալ է պետք, դատարաններով անցած լինել է պետք: Թե չէ` միայն թերթերով ասել ու խոսելը քիչ է, պայքարել է պետք: Ասելը` բոլորն էլ կարող են ասել, ու բոլորն են հասկանում , թե այդ ասածը որքանով է թույլատրված, դրա համար ում կողմից որքան է վճարված: -Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես հայտարարել է արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու պահանջի մասին: Մյուս կողմից ակնհայտ է, որ իշխանությունը, որի օրոք հոկտեմբերի 27 ու մարտի 1 է եղել, հեշտությամբ, ինքնակամ չի զիջի իշխանությունը: Ի՞նչը պետք է դրդի իշխանություններին` գնալու արտահերթ ընտրությունների: -Եթե այս տրամաբանությանը հետեւենք` ապա աշխարհի որեւէ երկրում ոչ մի իշխանություն չպետք է փոխվեր: Այսինքն` սկսած Հիտլերից, վերջացրած օրինակ Սադդամ Հուսեյնով, իշխանությունը չպետք է փոխվեր: Բայց այդ իշխանությունները փոխվել են: Հասնում է մի պահ, երբ այդ իշխանությունների սեփական թիմի վրա ազդեցությունը, սեփական հարստությունը պահելու առումով այնքան ակնհայտ ու ցցուն է դառնում, որ հասարակությունն ու անգամ իրենց կողքին կանգնած մարդիկ տեսնում են, ճնշում են նրանց, ու նրանք պարտադրված են լինում գնալու նման քայլերի: Այս առումով, Հայաստանը բացառություն չէ, առավել եւս, որ այստեղի իշխանությունները շատ թույլ ու խոցելի են, առավել եւս, որ Հայաստանն ունի լուրջ խնդիրներ, ու իշխանությունները ճնշումներից զերծ չեն: Այնպես որ`այստեղ իշխանության փոփոխության խնդիրը բարդ չէ: -Այդ դեպքում ինչո՞ւ մինչեւ հիմա չի եղել այդ իշխանափոխությունը: -Չի կատարվել, քանի որ ներքաղաքական կյանքն իր դրսեւորումներով անընդհատ հակադրվել է արտաքին քաղաքական սպասելիքներին: Եղել են իրավիճակներ, երբ արդեն շաբաթների կամ ամիսների խնդիր էր այս իշխանություններին փոխելը: Բայց այս իշխանությունները միշտ բախտ են ունեցել. տեղի են ունեցել սեպտեմբերի 11, իրաքյան պատերազմ: Եվ այս պատրվակներով նրանք փրկվել են, երբ աշխարհի ուշադրությունը շեղվել է իրենցից: Ներկա փուլում կա խնդիր. աշխարհը սպասելիքներ ունի այս իշխանություններից: Նրանք փորձում են աշխարհին ցույց տալ, որ իրենք առաջադեմ են, որ իրենցից հետո եղածները մնացել են 19-րդ դարի վերջերին կամ 20-րդ դարի սկզբներին: Փորձում են ցույց տալ, որ իրենք կոնստրուկտիվ են ու ընկալող, որ 100 տարվա թշնամիների հետ բարեկամություն անողն ու զիջումներով խնդիրներ լուծողն իրենք են: Եվ այդ ամենը շահարկելով փորձում են իշխանություն պահել: Իսկ դա, իմ խորին համոզմամբ, անբարո է: Այդ կոնտեքստում նրանք կարողացել են աշխարհի մոտ իրենցից սպասելիքներ ձեւավորել: Այս առումով պատահական չէ, որ մարտի 1-ի սպանդից հետո աշխարհի մոտեցումները համարժեք չեղան: Աշխարհը կարող էր, չէ՞, չճանաչել այդ ընտրությունները: Բայց դա չփորձեց անել: Ինչո՞ւ: Հենց այդտեղ է բանալին: Թե չէ, ժողովրդավարության դեմ զինված ուժով կարող են պայքարել: 1000 անգամ ես էլ, դու էլ, մյուսն էլ փողոց որ դուրս գանք` իրենք զենքով, բանակով եթե իջնեն հրապարակ, ի՞նչ ենք անելու: Հո մեր զինվորների վրա չե՞նք կրակելու: Հո իրենց խելքի՞ն չենք: -Այսինքն` ստացվում է, որ իրենք արտաքին խնդիրները, մասնավորապես ԼՂ հիմնահարցը մշտապես կարող են ծառայեցնել` իշխանությունը պահպանելու համար: -Այո, իրենք Ղարաբաղի խնդիրը ծառայեցնում են սեփական իշխանությունն ու սեփական հարստությունը պահպանելու խնդրին: -Եվ մինչեւ ե՞րբ են նրանք դա անելու, ինչպե՞ս եք դրա դեմն առնելու: -Համենայն դեպս, ես քաղաքականության մեջ մտած օրվանից, ներառյալ վարչապետ եղած ժամանակահատվածը, պայքարել եմ դրա դեմ եւ պայքարելու եմ, որ այդ ժամանակը հնարավորինս կարճ լինի: Կարծում եմ` իրենց քիչ է մնացել, որովհետեւ այն հիմնավորումները, պատրվակներն ու ընկալումները, այն սուտը, որ իրենք ասել են, վերջ ունի: Եվ այդ վերջը արդեն հասել է: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ «Լրագիր» 19-7-2010.

No comments: