Tert.am. 6-7-2010- «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում և Ադրբեջանում չհանդիպեց ընդդիմությանը, ինչն արեց Վրաստանում և Ուկրաինայում։
«Պետք է նկատի ունենալ, որ Վրաստանն ու Ուկրաինան, որպես շատ հստակ եվրոատլանտյան անդամագրման ցանկություն և նպատակ առաջադրած երկրներ, առանձնանում են ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ իրենց կարգավիճակով և, հետևաբար, բնական է, որ այդ երկրներում ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումներն ընդգրկելու էին ավելի լայն սպեկտր, քան այն երկրներում, որոնք, այսպես ասեմ, խոր ատլանտյան նկրտումներ չունեն։ Խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին»,– իր կարծիքը հայտնեց Սաֆարյանը։
Ըստ նրա, այս համատեքստում բնական է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումները Ուկրաինայում և Վրաստանում ներառեցին նաև ընդդիմության հետ հանդիպումները, ինչը չարվեց Հայաստանում և Ադրբեջանում։
«Հայաստանը մշտապես է նշել, որ իր քաղաքական օրակարգում չկա ՆԱՏՕ–ին և Եվրամիությանն անդամակցության խնդիրը, նույնը մի քանի օր առաջ հայտարարեց Ադրբեջանը, հետևաբար Միացյալ Նահանգների համար, ուզենք, թե չուզենք, Հայաստանի և Վրաստանի կարգավիճակները միանգամայն տարբեր են, ու բնականաբար հետաքրքրությունների ու շահագրգռությունների խորությունը Միացյալ Նահանգների կողմից տարբեր են լինելու։ Ես այլ բացատրություն ուղղակի չեմ կարող տալ»,– ասաց հայ խորհրդարանականը։
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment