Thursday, July 8, 2010

Քլինթոնը փորձեց գոհացնել Երևանին ու Սփյուռքին և չնեղացնել Անկարային և Բաքվին. Թուրք վերլուծաբան

Tert.am 07.07.10 - Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր երևանյան այցով հիշեցրեց Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Այս մասին գրում է թուրք վերլուծաբան, Milliyet օրաթերթի հոդվածագիր Սամի Քոհենը` անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայաստան կատարած այցելությանը: «Սառնարանում հայտնված՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը մոռացվել էր: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը, որը թուրքական մամուլը ներկայացնում էր նրա` Ցեղասպանության հուշակոթող կատարած այցելության լուսանկարներով, կրկին հիշեցրեց կես ճանապարհին արգելակված նախաձեռնության մասին»,- գրում է Սամի Քոհենը` ընդգծելով, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացն առկախվեց Անկարայի կողմից առաջ քաշված ղարաբաղյան նախապայմանի պատճառով: «Ակտիվ դիվանագիտական ջանքերից հետո ստորագրված Արձանագրություններն այս ապրիլ առկախվեցին և դադարեցվեցին բոլոր տեսակի շփումները: Այդ համաձայնության արդյունքում երկու հարևան երկրների միջև բացվելու էին սահմանները, հաստատվելու էին դիվանագիտական հարաբերություններ: Սակայն Ադրբեջանի հակազդեցության հետևանքով Անկարան առաջ քաշեց ղարաբաղյան նախապայմանը, ինչն էլ լուրջ տարաձայնությունների և Արձանագրություններն առկախելու համար պատճառ դարձավ»,- գրում է թուրք վերլուծաբանը` ներկայացնելով այս ամենից հետո Թուրքիայի համար հնարավոր անցանկալի զարգացումները: «Առաջին հայացքից հարց է ծագում` այս ամենն ինչպե՞ս կարող է վնասել Թուրքիային: Ներկա պահին՝ ոչ մի կերպ: Սակայն Վաշինգտոնից որոշ վատ ազդանշաններ են գալիս: Հայոց ցեղասպանության բանաձևը մոտ ապագայում դարձյալ կարող է հայտնվել Միացյալ Նահանգների Կոնգրեսի օրակարգում: Անցած ապրիլին հաղթահարված այդ վտանգն այս անգամ ավելի լուրջ դրսևորումներով կարող է վերադառնալ հետևյալ երկու պատճառներով. նախ` հրեական լոբբին բարկացած է Թուրքիայի վրա և սկսել է սատարել հայերին: Երկրորդ` նոյեմբերին Կոնգրեսում կայանալիք ընտրությունները»,- նշում է Սամի Քոհենը` ընդգծելով, որ եթե Կոնգրեսի օրակարգում հայտնվի Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, դարձյալ հիշելու են «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մոռացված նախաձեռնության մասին»: «Երևանում ունեցած ելույթում Քլինթոնն Արձանագրությունները կյանքի կոչելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար գովաբանեց Երևանին և Անկարային՝ հիշեցնելով հետևյալը. «Այժմ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է»: Սա տիկին Քլինթոնի կողմից երևանյան այցելության ընթացքում ուղարկված մեսիջներից մեկն էր: Մյուս մեսիջը եղավ Ցեղասպանության հուշակոթողի այցելությունը: Դեռ տիկինը չէր սկսել իր ուղևորությունը, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններն սկսեցին ակտիվ քայլեր իրականացնել, որպեսզի Քլինթոնի երևանյան այցի ծրագրում ներառվի նաև Ցեղասպանության հուշահամալիր այցելությունը: Իսկ դա մի պահանջ էր, որ ամերիկյան վարչակազմը չէր կարողանալու անտեսել ընտրությունների նախաշեմին: Տիկին Քլինթոնը «դիվանագիտորեն» գործեց. այցելեց հուշակոթող` սակայն մամուլին այդ մասին չտեղեկացնելով: Իսկ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հանդես եկավ կարճ հայտարարությամբ` նշելով, որ այցը կրում է «մասնավոր» բնույթ: Սակայն հուշակոթողին դրված ծաղկեպսակի վրա գրված էր «ԱՄՆ պետքարտուղար» արտահայտությունը»,- գրում է Milliyet-ի հոդվածագիրը` համոզմունք հայտնելով, որ դա լավ մտածված նուրբ դիվանագիտական քայլ էր: «Նման նուրբ քայլով ամերիկյան դիվանագիտությունը փորձեց չնեղացնել Թուրքիային և Ադրբեջանին և գոհացնել Հայաստանին և Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպություններին: Քլինթոնը կողմերի համար ընդունելի գործելաոճ ցուցադրեց: Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում իր ելույթների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարելով, որ պետք է զերծ մնալ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքիվ, ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ Միացյալ Նահանգները կողմերին կաջակցի այդ հարցում: Սրանք շատ գեղեցիկ, շատ նշանակալի խոսքեր են: Սակայն գործնականում ե՞րբ կկարգավորվի ղարաբաղյան հիմնախնդիրը: Այն դեպքում, երբ կողմերի զինվորների միջև ավելի հաճախակի են դարձել բախումները, խնդրի կարգավորման համար հորիզոնում լույս չի երևում: Իսկ ստեղծված այս իրավիճակում Անկարայի` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը, հավանաբար, ավելի երկար կմնա սառնարանում»,- եզրափակում է թուրք վերլուծաբան Սամի Քոհենը:

No comments: