Tert.am 07.07.10- Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին և դրան նախորդած հայտարարությունները և քայլերը ս.թ. հունիսի 18-ի լույս 19 –ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը:
Այս մասին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել է՝ «Արմինֆո» լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած հերթական ռազմատենչ հայտարարությունները՝ բանակցային գործընթացի յուրովի մեկնաբանություններով, ինչպես նաև դրան նախորդած՝ Ադրբեջանի արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հայտարարությունները:
«Փորձելով հետ կանգնել Սանկտ Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով բանակցությունների և ձեռք բերված համաձայնությունների էությունը: Դրան հասնելու համար անհաջող փորձեր են կատարում վերաձևել պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը և միջազգային իրավունքը:
Չնայած Բաքվի հուսահատ ճիգերին Պրահյան գործընթացը Պրահյան է, այլ ոչ թե Բաքվի, Մադրիդյան առաջարկությունները Մադրիդյան են` ոչ թե Բաքվի առաջարկություններ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան Ադրբեջանի ագրեսիան է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել մեկ ելույթում 13 անգամ հիշատակված Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ:
Դասեր չքաղելով իրական պատմությունից, Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով և ավանտյուրաներով:
Այս հայտարարությունները հաստատում են այն տեսակետը, որ ամեն կարևոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար, այս պարագայում` շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսվող հնարավոր հնգակողմ հանդիպումը: Կառուցողականությունը, հիմնվում է ճշմարտության, այլ ոչ թե կառուցվում ստի, պատրանքների և սպառնալիքների վրա»,– ասել է նա։
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment