Monday, July 19, 2010

ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ՈՉ ՄԻ ԳԱՂՏՆԻՔ ՉԿԱ

«Լրագիր» 19-7-2010 - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Ալմաթիում Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի տնտեսական զարգացումը թույլ կտա լուծել այդ խնդիրը Բաքվի շահերին համապատասխան: Լարված բանակցություններ են ընթացել, որի ժամանակ տարբեր առաջարկներ են հնչել, ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները Տորոնտոյում ընդունել էին հայտարարություն, որի հիմնական դրույթների հիման վրա հույս կար հասնել խաղաղության եւ կայունության դրբեջանում, քանի որ այդ փաստաթղթում նշվում էր, որ հայկական զորքը պետք է դուրս բերվի օկուպացված տարածքներից, ասել է Մամեդյարովը: Դրանում խոսվում է նաեւ փախստականների վերադարձի, Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ ցամաքային ճանապարհի մասին, դա կարող էր լինել նաեւ Լաչինի ճանապարհը: Հայկական զորքի դուրսբերումից հետո կբացվեին բոլոր ճանապարհներն ու սահմանները, եւ հայերը կարող էին օգտագործել ցանկացած ճանապարհ: Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների անվտանգության ապահովման համար պետք է տեղակայվեն խաղաղարար ուժեր, ասել է նա: Մամեդյարովի խոսքով, այսօր բանակցային գործընթացում ոչ մի գաղտնիք չկա: Բանակցություն վարելու ծրագիրը հայտնի է բոլորին, այն հաստատվել է նաեւ երեք նախագահների հայտարարությամբ: Նա ասել է, թե շատ կցանկանար, որ կարգավորումն արագանար, սակայն կան նուրբ հարցեր թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար, այդ պատճառով էլ պետք է այդ նրբությունները աստիճանաբար բացահայտել հասարակություններին, նրանց հետագա զարգացումներին պատրաստելու համար: Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծմանը, նրա խոսքով, ներկայում դա անհնար է: Դրա համար նախ փախստականները պետք է վերադառնան: Որպես հաջող օրինակ Մամեդյարովը նշել է Թաթարստանը` պետություն պետության մեջ:

No comments: