Քլինթոնի այցը Ադրբեջան
«ԱԶԳ» 08-07-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հարավային Կովկասի երկրներ, տարբեր գնահատականների համաձայն, գոնե ճանաչողական մակարդակով կարող էր հաջողված համարվել: Սակայն իրականությունն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը գրեթե ոչինչ չփոխեց իրերի դրության մեջ, միայն թերեւս ակնկարկվեց, որ վերջերս տարբեր հարցերում այս տարածաշրջանում ակտիվորեն գործող Ռուսաստանին կա հակակշռող ուժ, ինչպես երեկվա համարում նշել էր «Ազգը» :
Քլինթոնի այցը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ թերեւս դժգոհության զգալի նստվածք է թողել նախ եւ առաջ Բաքվում, որտեղ, ի դեպ, դժգոհության դրսեւորումներ եղան նաեւ հունիսին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան նախագահների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո:
Եվ եթե պետերբուրգյան հանդիպմանը հետեւեց հունիսի 18-19-ին տեղի ունեցած Չայլուի միջադեպը, ապա Քլինթոնի այցելությանը, հուսանք, նման սադրանք չի հետեւի, թեեւ այդ մասին վկայող հայտարարությունները կրկին օրակարգային դարձան Ադրբեջանում: Իսկ ադրբեջանական ղեկավարների «բարիացած» հայտարարությունները, թե Հայաստանին կուզենային մասնակից տեսնել նավթային նախագծերում, չհամընկնելով հիմնական հռետորիկային, վկայում են, որ Ադրբեջանում, ինչպես Արեւելքում, խոսքը գրեթե ոչինչ չարժե:
Իրականում կարծես թե արժեք չունեն նաեւ տարբեր տեսակի քայլերը, քանի որ խոսքն ու գործը հատկապես Ադրբեջանում, երբ հարցն առնչվում է ղարաբաղյան հարցին, որեւէ աղերս չունեն միմյանց հետ:
Այն ժամանակ, երբ կրկին ռազմատենչ հովերով իր ժողովրդին կերակրելու հերթական փորձն է անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, այս խոսքերը հնչում են Բաքվում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կենտրոնական շտաբի» շենքի բացման առիթով, որտեղ, ըստ ադրբեջանցիների, նաեւ տեղակայվելու է «Շուշիի գործադիր իշխանությունը»: Ստացվում է, մի կողմից, հոխորտանք, թե արդեն գնում են գրավելու Արցախը, մյուս կողմից, հիմնավոր ու կապիտալ մի շինության բացում, որ վկայում է մոտակա ապագայում ադրբեջանցիների համար Ղարաբաղի երես չտեսնելու մոտեցման գերակշռության մասին:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն, հուլիսի 6-ին Ալիեւը հիշատակված շենքի բացմանը «երազախառն» մի ճառ է ասել, թե իբր ժամանակ կգա, շենքի «բնակիչները» կվերադառնան «ազատագրված ադրբեջանական տարածքներ»: Հեքիաթասացության կողքին Ալիեւի խոսքերում նաեւ ակնհայտ դժգոհություն է, որ վերջին իրադարձությունների ֆոնին մեկ հասցեատիրոջ առումով կարելի է հաստատ համարել. Ալիեւի բողոքն ուղղված է ԱՄՆ-ի դեմ, թե կիրառվում են երկակի ստանդարտներ, թե հավասար են դիտարկվում «օկուպանտն ու օկուպացման զոհը»:
Ալիեւ կրտսերի բառապաշարի հիմնական «մտահանգումները» առանձնակի ներկայացման կարիք չունեն, քանի որ Ադրբեջանի հավերժ նախագահը բազմիցս ու անընդհատ նույն բաները կրկնում է: Սակայն այս ելույթում ավելացել է նաեւ այն միտքը, թե հունիսի 18-19-ի միջադեպի նման իրավիճակները կարող են կրկնվել, այսինքնՙ Ադրբեջանն ամենայն հանգստությամբ երկրի նախագահի ելույթի մակարդակով հայտարարում է, որ սադրանքներ էլի կլինեն: Եվ սա թերեւս անպատժելիության, չդատապարտված սադրանքի հետեւանքն է, որ Ադրբեջանն իրականացրեց Չայլուի մոտակայքում, իսկ միջազգային հանրությունը բավարարվեց երկու կողմերին հրադադարի պայմանները հարգելու կոչ անելով:
Ալիեւի խոսքերով, գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պայմաններում շփման գծում չկան խաղաղապահներ, այլ դեմ-դիմաց կանգնած են հայ եւ ադրբեջանցի զինվորներ: «Նրանց միջեւ տարածությունը երբեմն 40-50 մետր է: Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե այնտեղ տհաճ միջադեպեր չեն լինի», ճառել է Ալիեւն ու, թերեւս «հավասարակշռություն պահելու փորձ» անող միջազգային հանրության համար իրավիճակը հստակեցնելու համար ավելացրել. «Մինչեւ ե՞րբ կարող է համբերել ադրբեջանական ժողովուրդը: Որքան պետք է հարմարվի այս անարդարությանը: Դա կարելի էր բացատրել այն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռություն կար: Բայց այսօր նման հավասարակշռություն չկա: Եվ նրանց դա լավ հայտնի է»:
Ակնհայտ է, որ Ալիեւ կրտսերը նշում է սադրանքի ադրբեջանական ծագման մասին, ավելին, պատերազմի վերսկսման հավանականությունը որպես անբեկանելիություն ներկայացնելով: Իսկ այն, որ ադրբեջանական նախագահական նստավայրի չինովնիկներից մեկը` արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը երեկ, թերեւս ի հակակշիռ նախագահի նախորդ օրվա ելույթի, հայտարարել է, թե Քլինթոնի այցելությունից հետո Ադրբեջանը երկկողմ հարաբերությունների զարգացում է ակնկալում, առանձնակի ոչինչ չի փոխում ներկա վիճակում: Ինչ էլ ասելու լինի Մամեդովը, ընդգծելով, թե ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները պետք է փոխադարձ հարգանքի ու շահերի հարգման վրա հիմնվեն, վկայում է այդ հարաբերությունների «անառողջության» մասին:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ խոսակցությունները, թե Ադրբեջանն ու ԱՄՆ-ը խնդիրներ ունեն, դեռեւս օրակարգային են, սակայն դրանից ոչ մի լավ բան սպասելի չէ: Միեւնույն ժամանակ, աջ ու ձախ «հավասարության նշաններ» դնող գերտերությունները, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հարկ է, որ վերջապես արձագանքեն «նեղացածի», իսկ ավելի շուտ` պարտվածի հոգեբանությամբ կուրծք ծեծող ադրբեջանցի «առաջնորդի» հոխորտանքներին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment