Tuesday, July 20, 2010

Ըստ ֆրանսիացի փորձագետների՝ մեծ է հավանականությունը, որ Ցեղասպանության բանաձևը կհայտնվի Սենատի օրակարգում

Tert.am. 20-7-2010- Ներկա պահին Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկված է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող երեք օրինագիծ: Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` ավելացնելով, որ մեծ է հավանականությունը, որ այդ օրինագծերը Սենատի լիագումար նիստի օրակարգում կհայտնվեն արդեն այս տարվա աշնանը: Թուրքական պարբերականն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու համար, թե ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող քանի օրինագիծ կա: «Ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը 2006թ. ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և այդպես էլ չվավերացվեց Սենատի կողմից: 2010թ. մայիսի 19-ին նման մի օրինագիծ էր ներկայացվել Կոմունիստական կուսակցության անդամ, Սենատի փոխխոսնակ Գայ Ֆիշերի կողմից: Եվ վերջապես 2010թ. հուլիսի 5-ին 30 սոցիալիստ սենատորներ ներկայացրեցին 3-րդ օրինագիծը»,- գրում է Hurriyet-ը` ավելացնելով, որ ֆրանսիացի սենատորները պատրաստվում են 2011թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկել այդ օրինագծերը Սենատում: Թեմայի առնչությամբ թուրքական պարբերականը զրուցել է ֆրանսիական Liberaton թերթի թուրք-ֆրանսիական հարաբերությունների հարցերով փորձագետ, լրագրող Մարկ Սեմոյի և Միջազգային ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական կենտրոնի (IRIS) Թուրքիայի հարցերով փորձագետ Դիդիե Բիյոնի հետ: «Մեծ է հավանականությունը, որ Սենատի օրակարգում կներառվի Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը: Առաջիկայում տեղի են ունենալու Սենատի ընտրությունները: Ֆրանսիայում կա 500 հազար հայ ընտրող: Թուրքերի թիվն այստեղ 500 հազար է, սակայն նրանցից ընտրելու իրավունք ունի միայն 60 հազարը: Այնպես որ, ֆրանսիացի քաղաքական գործիչները լսելու են հայերին»,- հայտարարել է Մարկ Սեմոն: «Իրոք. մեծ է ռիսկը, որ այդ օրինագիծը կհայտնվի Սենատի օրակարգում: Սփյուռքն ընտրություններից առաջ նույն խաղաքարտն է խաղացնում: Դա ընտրություններին ընդառաջ մի մանևր է: Սակայն օրակարգում ներառել դեռ չի նշանակում այն վավերացնել: Բայց, միևնույն ժամանակ, հնարավոր է, որ դեպքերը շատ արագ զարգանան: Դրա համար պետք է ուշադիր լինել»,- ասել է Դիդիե Բիյոնը:

No comments: