Saturday, July 3, 2010

Բ. Սահակյանը` համանախագահներին. Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/ և Իգոր Պոպովին /ՌԴ/: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, վերջին զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը: Այս կապակցությամբ Նախագահը նշել է, որ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը համապատասխան գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից, ինչն էլ ավելի է կոշտացնում Ադրբեջանի դիրքորոշումը: Երկրի ղեկավարը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նախագահը մեկ անգամ ևս հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը և նշել, որ այն խեղաթյուրելու և փոփոխելու փորձերը միայն բացասական ազդեցություն կունենան բանակցային գործընթացի վրա: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը կարևորել է հակամարտության կարգավորման լիարժեք ձևաչափի վերականգման և բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը, ինչին իրենց համաձայնությունն են տվել նաև համանախագահները՝ ընդգծելով, որ դա միայն ժամանակի խնդիր է: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է:

No comments: