Panorama.am. 2-7-2010- Ուղղափառության գլխավոր վեհաժողովն ավարտեց իր աշխատանքները. այսօր երեկոյան պատվիրակությունները կմեկնեն Հայաստանից: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՌԴ պատվիրակության ներկայացուցիչ , Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ու հայաստանյան պատվիրակության ղեկավարը ներկայացրեցին այն ամենը, ինչ այս օրերին արվել է:
Նշենք, որ պատվիրակները հանդիպել են երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, կաթողիկոս Գարեգին երկրորդին, ինչպես նաև այցելել Լեռնային Ղարաբաղ:
Ի դեպ, ամենակարևորը, ինչ կարելի է արձանագրել վեհաժողովի նիստից այն է, որ ընդունվեց մի բանաձև, որն ուղղակիորեն դատապարտում է տարածաշրջանում հայկական հոգևոր և պատմա-մշակութային արժեքների ոչնչացումը ու ոչնչացման սպառնալիքը, դատապարտում այն երկրներին, որոնք հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով ու ուժի կիրառման սպառնալիքով` սա արդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում:
Եվ որ ամենակարևորն է` Ուղղափառության վեհաժողովը բանակցային գործընթացույմ ընդունում է միայն Մինսկի խմբի ֆորմատը ու այն, որ ԼՂ ժողովուրդը պետք է ինքնորոշվի:
Նշենք, որ թեև բանաձևը պարտադրող իրավական ուժ չունի, բայց այն պատկանում է մի կազմակերպության, որը գրանցված է ՄԱԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՈ-ում.
«Սա նշանակում է, որ մեր կողմից ընդունված փաստաթղթերը ավտոմատ կերպով տարածվում են այն բոլոր երկրներում, որոնք անդամակցում են վեհաժողովին»,- ասաց Կ.Զատուլինը:
Վերադառնալով ընդունած բանաձևում առկա ռազմատենչ հայտարարությունների հիշատակմանը` ՌԴ ՊԴ պատգամավորը նշեց, որ թեև հասցեատեր չկա, բայց նա այս տարիների ընթացքում երբևէ չի լսել, որ Հայաստանը հանդես գա նման հայտարարություններով, թե «կարող է ուժի միջոցով լուծել խնդիրը».
«Ակնհայտ է, որ նկատի ունենք և խոսքն Ադրբեջանի մասին է»,- ասաց պատգամավորը:
Այդ դեպքում ինչո՞ւ չհիշատակել կոնկրետ Ադրբեջանին: Կ.Զատուլինը սա բացատրեց այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմն այսպես թե այնպես կփորձի նվազեցնել բանաձևի դերն ու նշանակությունը` հայտարարելով, որ եթե այն ընդունվել է Հայաստանում, ուրեմն հայկական ազդեցության տակ է դա արվել: Այնպես որ կոնկրետ հասցեատիրոջ բացակայությունը պայմանավորված է բացառապես դրա հետ և ամենևին էլ չի նվազեցնում Ադրբեջանի դատապարտելի գործողությունների գործոնը:
Եվ ևս մեկ անգամ շեշտեց` այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծում ստանա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու պարագայում, ամեն ինչ դնում է իր տեղը. «Դա է մեր դիրքորոշումն այս հարցում»,- հավելեց Կ.Զատուլինը:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment