Thursday, July 22, 2010

ՖԱՍԻԵՆ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն տարածաշրջանային վերջին այցելություններին կամ ընդհանրապես չէր մասնակցում, կամ մասնակցում էր այցելությունների որոշ հատվածներին: Այս վիճակը հաջորդեց Բեռնար Ֆասիեի անունից հրապարակված հայտարարություններին, որ վերաբերում էին հայ զինվորի մարտական խիզախությանն ու քաջությանը: Թերեւս այս ամենի ֆոնին կարելի է հավանական համարել News.am կայքէջի տարածած անանուն տեղեկությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը հեռանում է: Կայքէջի տեղեկացմամբ, այսպիսի լուր են հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները, ընդ որումՙ հավելմամբ, թե Ֆասիեն համանախագահի պաշտոնը կթողնի մինչեւ այս տարեվերջ: Ֆրանսիայի կողմից հանդես եկող նոր համանախագահի որեւէ թեկնածություն չի նշվում: Դիվանագիտական զգալի փորձ ունեցող Բեռնար Ֆասիեն ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ներկայացնում է դեռեւս 2004-ից: Մինչ այդ Ֆասիեն զբաղեցնում էր Բոսնիա եւ Հերցեգովինայի հարցերով բարձր հանձնակատարի տեղակալի պաշտոնը 2002թ.-ի օգոստոսից` իր դիվանագիտական կարիերան հարստացրած լինելով դեսպանական գործունեությամբ Շվեյցարիայում, Վրաստնում եւ Բելառուսում: Հայ զինվորի մարտունակության մասին կարծիք հայտնած Ֆասիեն թերեւս չէր կարող սխալվել իր գնահատականներում, քանի որ ֆրանսիացի դիվանագետն իր կարիերան սկսել է զինվորական ակադեմայից եւ բավականին երկար այդ ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո միայնՙ 1987-ին է անցել աշխատանքի Ֆրանսիայի արտաքին ծառայությունում: Ամեն դեպքում, այս պատմությունն իսկությանն առնչություն ունենալու դեպքում հար եւ նման է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի` Հայոց ցեղասպանության առնչությամբ արտահայտվելու հետեւանքներին: Գուցե դիվանագետ լինելը նշանակում է երբեք չասե՞լ Ճշմարտությունը: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: