Tuesday, July 6, 2010

ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԸ

«Լրագիր» 6-7-2010- Հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանվել է ադրբեջանցի ենթասպա, ով ներխուժել էր ղարաբաղյան տարածք, իր նախաձեռնությամբ կամ հրամանով, եւ սպանել 4 հայ զինվորների: Սպանված ադրբեջանցու մարմինը մինչ այժմ ղարաբաղյան կողմում է, եւ ադրբեջանցիներն էլ առանձնապես չեն ձգտում ստանալ: Ինչ որ փորձեր են ձեռնարկվում, խնդրելով Կարմիր խաչի միջոցով վերադարձնել դիակը նաեւ միջազգային մարդասիրական կազմակերպությունները, սակայն քաղաքական մակարդակում պահանջներ չեն ներկայացվում: Ադրբեջանական իշխանության “զսպվածությունը, որ այլ առիթով իսկական վայնասուն կբարձրացնեին, պարզ բացատրություն ունի` Բաքուն չի կարող բացատրել, թե ինչպես է իր բանակի ենթասպան հայտնվել ղարաբաղյան բլինդաժում: Այդ պատճառով էլ նա գերադասում է դիակը թողնել հայկական տարածքում: Միեւնույն ժամանակ, դա չեն կարող պահանջել միջազգային միջնորդներն ու կազմակերպությունները, քանի որ այդժամ պետք է ընդունեն, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը: Ղարաբաղցիներին դիակը վերադարձնել չի խնդրել նաեւ Հիլարի Քլինթոնը, ով կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, իրերն իրենց անունով չկոչելով: Ղարաբաղյան կողմում ադրբեջանական զինվորի դիակը զգայուն թեմա է, եւ այն ձգտում են չշոշափել: Քաղաքականությունը չափազանց հեռացել է մարդասիրությունից, եւ այս աշխարհի ուժեղները գերադասում են խոսել խողովակից, միջուկային զենքից եւ “ազդեցության գոտիներից”, եւ ոչ թե զոհվածների հարազատների զգացմունքներից: Իսկ չէ որ բոլոր հարցերը լուծվում են խրամատներում, որտեղ ծառայում են երիտասարդ մարդիկ: Նրանց ամենաքիչն է պետք իրավիճակի սրումը ռազմաճակատի գծում եւ միլիտարիզմի բորբոքումը: Նրանց ձեռնտու չէ նաեւ օտար զորքերի ներկայությունը: Սակայն հենց նրանք են դառնում քարոզչության ու քաղաքականության առաջին զոհերը: Իսկ ադրբեջանցի զինվորի դիակն առայժմ ղարաբաղյան կողմում է: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: