Monday, July 19, 2010

«Սահակաշվիլին Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու գաղափար է առաջ քաշում»

Panorama.am. 19-7-2010- Հուլիսի 18-ին մեկօրյա աշխատանքային այցով Բաթում ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օրակարգ է մտցրել Ադրբեջանի և Վրաստանի` համադաշնության մեջ միավորվելու գաղափարը: Այդ մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև «ԱՄՆ-ի կողմից առաջ քաշած ինչ-որ պլան»: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Սահակաշվիլին ասել է, որ իր առաջ քաշած գաղափարը ժամանակին առաջադրել էր նաև Հեյդար Ալիևը: Նրա կարծիքով, երկու պետությունների միջև հարաբերություններն առաջ են անցել ռազմավարական դաշնակցությունից և կարող են գնահատվել որպես «իսկական եղբայրություն»: «Ադրբեջանը մշտապես, առանց որևէ երկմտանքի, կենսական նշանակության ռազմավարական հարցերում եղել է Վրաստանի կողքին: Դա իսկական եղբայրություն է: Մենք միևնույն օրգանիզմի մասերն ենք. Ադրբեջանի համար կենսականորեն կարևոր հարցը նույնչափ կարևոր է նաև մեզ համար»,- ասել է Մ.Սահակաշվիլին: Ըստ թերթի, Ի.Ալիևը խոսել է երկու երկրների միջև բարեկամության պատմությունից և Ադրբեջանին ու Վրաստանին միավորող էներգետիկ նախագծերից: «Թեև հայտնի չէ, թե Ադրբեջանի նախագահի այցի ժամանակ փակ դռների հետևում ընթացող բանակցությունների բովանդակությունն իրականում ինչի մասին է եղել, սակայն հայտնվում է, որ կողմերը քննարկել են էներգետիկայի և մի շարք ոլորտներում նախագծերի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր»,-գրում է «Ենի Մուսավաթը»:

No comments: