Wednesday, July 7, 2010

Ալիևը պարզաբանել է համանախագահների նոր առաջարկների էությունը

Tert.am. 7-7-2010- Մադրիդյան սկզբունքների հիման վրա այսօր առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի մասնակցում է այդ բանակցություններին և ցուցաբերում կառուցողականություն։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր համանախագահող երկրները, հնարավոր է, ավելի բաց են արտահայտում իրենց կարծիքները։ Ընդգծվում է հետևյալ կարևոր պահը. հարցը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում Հելսինկյան սկզբունքները։ Այստեղ կարևոր սկզբունք է տարածքային ամբողջականությունը։ Կա նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Սակայն այդ սկզբունքը չպետք է վնասի երկրի տարածքային ամբողջականությանը՝ հակասության մեջ մտնելով դրա հետ։ Ժողովուրդների ինքնակառավարման և ինքնորոշման հնարավորությունները չպետք է խախտեն երկրի տարածքային ամբողջականությունը։ Այսպիսին են Հելսինկյան սկզբունքների էությունն ու իմաստը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Ըստ նրա՝ համանախագահող երկրները առաջ են քաշել այդ հիմքի վրա մշակված առաջարկներ, և Ադրբեջանը որոշակի բացառություններով ընդունում է դրանք։ «Ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում։ Առաջին հերթին, օկուպացիոն ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող բոլոր զբաղեցված տարածքներից։ Հինգ շրջաններ ազատվում են անմիջապես, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինը՝ որոշ ժամանակ անց։ Առաջարկությունները նախատեսում են հնգամյա ժամանակաշրջան։ Դրա պատճառն այն է, որ Քելբաջարի և Լաչինի շրջանները տեղակայված են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, և, ինչ-որ իմաստով, պետք է ձեռնարկվեն այդ շրջաններ ադրբեջանցի բնակչության վերադարձի համար անվտանգության ավելի զանգվածային միջոցներ։ Սակայն բոլոր շրջանները վերադառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գործում է ճանապարհ, այսինքն միջանցք, և Ադրբեջանը համաձայնել է այս առաջարկներին»,- ասել է Ալիևը։ Ալիևը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վարչական սահմանին պետք է տեղակայվեն խաղաղարար ուժեր, որոնք պետք է ներկա գտնվեն այնքան ժամանակ, մինչև բոլոր կողմերը կստանձնեն անվտանգության միջոցների ապահովումը։ Ալիևը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու մասին։ Ըստ նրա՝ այն չի խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Օկուպացիայից տուժած բոլոր մարդիկ պետք է վերադառնան հարազատ վայրեր։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, Շուշի, ինչի մասին բաց ասվում է համանախագահող երեք երկրների վերջերս արած հայտարարությունում»,- ասել է Ալիևը։

No comments: