Tuesday, July 6, 2010

Ռոպեր Հատտեճյան. «Սփյուռքի ամբողջ հույսը և հավատը հայրենիքն է»

Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոպեր Հատտեճյանն «Ուրբաթ» ակումբում ասել է, որ Հայաստանում իրենք մասնակցել են նաև Սփյուռքում արևմտահայերենի ուսուցման իրավիճակի մասին Սփյուռքի նախարարության համաժողովին։ Նա նշել է, որ հայ ժողովրդի համար արևմտահայերենի ուսուցման հարցն ամենակենսականներից է, քանի որ Սփյուռքում արևմտահայերենը, դժբախտաբար, վախճանվելու մոտ է։ -Ամեն վայրկյան լեզուն փչանում, այրվում, մոխիր է դառնում։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք Թուրքիայի գլխավոր քաղաք Ստամբուլում 18 հայկական վարժարաններ ունենալով հանդերձ՝ դրանց հայ ուսանողները, դժբախտաբար, անհրաժեշտ կարևորություն չեն տալիս արևմտահայերենին։ Այսինքն, անտեսում են իրենց հայկական լեզուն և վարժարանից դուրս են գալիս առանց նախնական հայերենը սովորելու,-ասել է Ռոպեր Հատտեճյանն ու նշել, որ վարժարանների թե՛ աշակերտների, և թե՛ ուսուցիչների թիվը սկսել է պակասել, և հայ ընտանիքները, նորաձևության հետևից ընկնելով, իրենց զավակներին ուղարկում են օտար վարժարան։ Նա նշել է, որ այն աշակերտը, ով հայկական վարժարան երբեք չի հաճախել, երբեք չի կարող հայերեն ո՛չ խոսել, ո՛չ կարդալ։ Գլխավոր խնդիրը, նրա խոսքերով, այն է, որ այդ ընտանիքները «հայկական ավանդական օտարամոլությանը զոհ գնալով՝ սկսել են իրենց երեխաների համար օտար վարժարաններ նախընտրել»։ -Մենք մեր լեզվով է, մեր մայրենիով է, որ արտահայտում ենք մեր անձը, մեր ինքնությունը։ Ընդհանրապես, Հայաստանի բոլոր վարժարանները մեր երիտասարդներին պետք է տան հայեցի դաստիարակություն, հայոց լեզվի արժեքներին հաղորդ մնալու ընդունակություն։ Ես խորապես անհանգստացա, երբ լսեցի, որ Հայաստանի մեջ էլ օտար լեզվի ուսուցաման պետք է անցնեն։ Ես մեր Սփյուքի փորձից գիտեմ, որ սա շատ վտանգավոր բան է, որովհետև որտեղ որ մեր ժողովրդի առջև օտար որևէ բանի դուռ է բացվում, անմիջապես իրենց ազգային ինքնությունից կարծես ուզում են փախուստ տալ,-նշել է նա։ Նա նշել է, որ որքան էլ Սփյուռքը տկարանա, գիտի, որ հայրենիք ունի. Սփյուռքի ամբողջ հույսն ու հավատը հայրենիքն է. -Եթե մենք արտասահմանում կորցնենք, վաղը հայրենիքը մեր կորցրածը պետք է տա։ Դրա համար մեր հայրենիքը ուժեղ պետք է լինի այն սկզբունքներում, որոնց պաշտպանն ենք։ Ինձ համար շատ ցավալի է, որ Հայաստանում էլ այսպիսի հարց է ծագել։ Այս հարցի արծարծումը, բանավեճն անգամ ավելորդ եմ համարում։ Մեր բոլորի պարտականությունն է, որ հայ երիտասարդը հայկական վարժարանում հայկական մշակույթի, հայկական ապրումների հետ մեծանա, և երբ մեծանա, երբեք չմոռանա, որ հայ է,-ընդգծել է Ռոպեր Հատտեճյանը։

No comments: