Tuesday, July 6, 2010

Թուրքիայի իշխանությունը Պոլսի հայոց պատրիարք է նշանակել իր մարդուն. թուրքագետ Tert.am. 6-7-2010- Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի հայ համայնքին հնարավորություն չեն տվել Պոլսի հայոց պատրիարք ընտրել։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, թուրքական իշխանությունները հոգևոր խորհրդի 25 անդամների միջոցով պատրիարքի տեղապահ են նշանակել իրենց ձեռնտու թեկնածուին՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։ Նշենք, որ Աթեշյանը հայտնի է իր թուրքամետ դիրքորոշմամբ։ Արդեն երկու տարի է՝ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մոտ հայտնաբերվել է հիշողության հետ կապված անբուժելի հիվանդություն, ինչի հետևանքով պատրիարքը հայտնվել է անգործունակ վիճակում։ Ըստ Ռուբեն Մելքոնյանի, եթե պատիրարքը հիվանդության պատճառով անգործունակ է դառնում, Հայոց եկեղեցու ներքին կանոնադրությամբ պետք է աթոռակից պատրիարքի կամ պատրիարքի ընտրություն անցկացվի։ Աթոռակից պատրիարքի տեղի համար երեք թեկնածուներ են եղել՝ Սեպուհ սրբազանը, Գարեգին սրբազանը և Արամ Արքեպիսկոպս Աթեշյանը։ Թուրքիայի իշխանություններն առաջադրել են իրենց թեկնածուին՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, սակայն, երբ ակնհայտ է դարձել, որ հայ համայնքը համակրում է թեկնածուներից Հայաստանը ներկայացող Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանին, որոշել են ընտրություններ չանցկացնել։ «Հունիսի 29-ին Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքին նամակով պատասխանել է, որ իշխանությունները նպատակահարմար չեն համարում անցկացնել ոչ պատրիարքի, ոչ էլ աթոռակից պատրիարքի ընտրություններ։ Միայն թույլ են տալիս, որ անցկացվեն պատրիարքի տեղապահի ընտրություններ։ Արդեն իսկ գործող տեղապահը ժամեր անց հրաժարական է տվել, և 10 ժամ անց հոգևոր խորհրդի 25 անդամները պատրիարքի տեղապահ են ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։ Նա իրականացնելու է այն, ինչ թելադրելու են Թուրքիայի իշխանությունները»,- նշեց թուրքագետը։ Այս իրադարձությունն, ըստ նրա, բացասաբար է ազդել հայ համայնքի կյանքի վրա. «Այսօր համայնքում գերիշխում է անորոշության և հիասթափության մթնոլորտը։ Այս ամենը խորացրեց առկա պառակտումը, համայնքում ձևավորվել են խմբավորումներ, որոնք պայքարում են միմյանց դեմ, խնդիրները չեն լուծվում»։ Ըստ Մելքոնյանի՝ պոլսահայ համայնքում այսօր առկա են կրթական, լեզվական, եկեղեցական բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծումը Հայոց պատրիարքարանի լիազորությունն է։ Թուրքագետի խոսքով՝ պատրիարքի ընտրությունը թուրքական իշխանությունները պայմանավորում են նաև հայ-թուքական զարգացումներով և դա համարում են իրենց խաղաքարտերից մեկը. «Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ պայմանավորած՝ այդ խաղաքարտը կարող է փոփոխությունների ենթարկվել»։ Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակ, երբ Ստամբուլի հայ համայնքին չի թույլատրվել պատրիարք ընտրել, Թուրքիայում արձանագրվել է ևս երկու անգամ՝ 1923 և 1944թթ.։ Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքի թիվը հասնում է 60 հազ.-ի։

No comments: