Saturday, July 3, 2010

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ, ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՆ ՏՐՎԵԼՈՒ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին պատասխանում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը - Սկսենք տնտեսական ճգնաժամի հաղթահարման խնդրից: Ձեր վերջին ելույթներից մեկում նշեցիք, որ Հայաստանն արդեն հաղթահարման պրոցեսում է, եւ նույնիսկ գրանցվել է 5,5% տնտեսական աճ: Ինչպե՞ս է դա երեւում հասարակ ժողովրդից: Մի բան են թվերը եւ մի բանՙ մարդկանց կյանքը: Դուք ի՞նչ կերպ եք բացատրում այդ հաղթահարումը: - Ուզում եմ համաձայնել, որ չափազանց կարեւոր է, թե ինչպես է սովորական քաղաքացին զգացել 2009 թվականի տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքների ազդեցությունը: Չնայած 2009 թվականին ունեցանք համախառն ներքին արդյունքի անկման բավականին մեծ ցուցանիշՙ շուրջ 14%, մենք փորձեցինք այնպիսի հակաճգնաժամային ծրագիր իրականացնել, որը պետք է մեղմեր մեր քաղաքացիների բոլոր սոցիալական խնդիրները: Սոցիալական ծրագրերի իրականացմամբ ունեցանք կենսաթոշակների շուրջ 16% ավելացում, ինչպես նաեւ սոցիալական նպաստների ավելացում, մի բան որ նույնիսկ զարգացած երկրներն իրենց չկարողացան թույլ տալ: Ավելացրեցինք նաեւ այն միանվագ վճարները, որ իրականացնում ենք առաջին եւ երկրորդ երեխայի, երրորդ եւ ավելի երեխայի ծննդյան կապակցությամբ: Էապես բարձրացրինք այդ ծավալները: Նաեւ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերն աճեցին շուրջ 10%-ով, իսկ մասնավոր ոլորտումՙ շուրջ 11%-ով: Դա հնարավոր եղավ իրականացնելՙ էապես ավելացնելով պետության արտաքին եւ ներքին պարտքը: Մենք ունեցանք աննախադեպ բարձր դեֆիցիտՙ շուրջ 7,7% ՀՆԱ-ի մեջ: Հիմնականում միջոցներ ներգրավեցինք Համաշխարհային բանկից, Միջազգային արժութային հիմնադրամից, Ասիական բանկից, ինչպես նաեւ Եվրոմիության գրանտներն ու վարկերը հնարավորություն տվեցին մեր բյուջետային ծախսերը 2008 թվի համեմատ 2009-ին ավելացնել 14%-ով: Բնականաբար այս ծախսերի ավելացումը պետության կողմից հնարավորություն տվեց մեղմելու բոլոր սոցիալ-տնտեսական բացասական ազդեցությունները մեր տնտեսական համակարգի վրա, որոնք գալիս էին առաջին հերթին մասնավոր ներդրումների եւ մասնավոր տրանսֆերտների կրճատման արդյունքում: 2009 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից նկատեցինք, որ մեր հակաճգնաժամային ծրագիրը տալիս է դրական արդյունքներ, քանի որ ամեն ամիս նախորդ ամսվա համեմատ գրանցվում էր տնտեսական ցուցանիշների բարելավում: Եվ 2010-ի առաջին եռամսյակում 2009-ի համեմատ արձանագրել ենք 8,8% տնտեսական աճ: Նման աճ է գրանցվել նաեւ մասնավոր սեկտորի աշխատավարձերում, ինչը կարեւոր հանգամանք է սոցիալական հարցերի լուծման համար: Արդեն որոշում ենք կայացրել այս տարի 15%-ով ավելացնել սոցիալական նպաստները, որոնք տրվում են անապահով, սոցիալապես խոցելի խավերին, ինչպես նաեւ մտադիր ենք նոյեմբերից 10 տոկոսով ավելացնել կենսաթոշակները: Այսօր միջին թոշակը կազմում է 28 հազար դրամ: - Վերջին շրջանի Ձեր ելույթներում մեծ տեղ եք հատկացնում Հայաստանի խոշոր բիզնեսի եւ օլիգարխների կողմից հարկերի պարտաճանաչ վճարմանը եւ ստվերային մասը հարկային դաշտ բերելու խնդիրներին: Որքանո՞վ է դա Ձեզ հաջողվում, քանի որ գաղտնիք չէ, եւ դա միայն Հայաստանի խնդիրը չէ, նույնիսկ Եվրոպայում շատ դժվար է օլիգարխիկ համակարգի դեմ պայքարը: Կառավարությունը, նախագահը եւ իշխող կուսակցությունը որքանո՞վ են Ձեզ աջակից այս հարցերում: Ստացվու՞մ է այդ պայքարը, թե՞ ամեն դեպքում պատի եք դեմ առնում: - Հասկանալի է, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգային բարեփոխումներ: Ճգնաժամի կարեւորագույն դասերից մեկն այն է, որ մեր տնտեսությունն ունի ցածր դիվերսիֆիկացիա: Պետք է դրա աստիճանը բարելավել: Իսկ դրա լավագույն ճանապարհը բիզնես միջավայրի բարելավումն է, հավասար մրցակցային պայմանների ստեղծումը, փոքր եւ միջին բիզնեսի շահերի պաշտպանությունը, եւ դրանց համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, իսկ խոշոր բիզնեսի համարՙ թափանցիկ աշխատանքի պայմանների ապահովումը: Առաջին լուրջ քայլը, որ մենք իրականացրինք. անցած տարի Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով մեկ միլիարդից ավելի շրջանառություն ունեցող կազմակերպություններն իրենց հաշվետվությունները պետք է հրապարակեն արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա, ինչը հնարավորություն կտա, որ հասարակությունը վերահսկի խոշոր ձեռնարկություններին, թե ինչպես են նրանք աշխատում եւ ի՞նչ ֆինանսական արդյունքներ են ցույց տալիս: Մյուս կողմից դա էական օժանդակություն կլինի պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի վստահություն լինի նման ձեռնարկությունների նկատմամբ եւ համահավասար մրցակցային պայմաններ ձեւավորվեն: Ընդհանրապես թափանցիկության ապահովումը համարում ենք առաջին եւ ամենակարեւոր գործիքը, որպեսզի խոշոր բիզնեսը ձգտի աշխատել օրինական դաշտում եւ վայելի հասարակության վստահությունը, ինչն ամենակարեւորն է: Համոզված ենք, որ դա արդյունք կտա: Երկրորդը հարկային վարչարարության բարելավումն է: Մենք ունենք մեծ համալիր ծրագիրՙ հաստատված կառավարության կողմից, եւ տեխնիկական ու ֆինանսական աջակցությունՙ միջազգային կազմակերպություններից բարեփոխումներն իրականացնելու համար: Հույս ունենք, որ մոտակա երեք տարիների ընթացքում բարեփոխումներն իրենց դրական արդյունքը կտան: Այս ծրագրերը գտնվում են նախագահի հսկողության ներքո եւ ստացել են կոալիցիոն կառավարության հավանությունը: - Շատ հաճախ ոչ միայն սփյուռքահայ, այլեւ տեղացի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են իրենց վրա տարբեր կլանային խմբերի ազդեցություններից: Թեեւ, օրինակ, մեզ տված հարցազրույցում «Վիվասել-ՄՏՍ»ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պնդում էր, որ Հայաստանում բիզնես սկսելու համար պետք է բիզնեսի գլխին կանգնած լինես, որպեսզի այն առաջ գնա: Այստեղ երկու խնդիր կա: Դուք տարբերակում դնո՞ւմ եք սփյուռքահայ եւ տեղացի գործարարների միջեւ, շահագրգռում կամ նպաստո՞ւմ եք, որ սփյուռքահայը գա Հայաստանում ներդրում կատարի: Որքանո՞վ եք աջակցում հայաստանցի անպաշտպան փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցչին, որպեսզի նա կարողանա զրոյից նոր գործ սկսել: - Կցանկանայի հարցը բաժանել երեք մասի: Գաղտնիք չէ, թե ինչպես անցումային շրջանի շատ երկրներում կան շատ դժվարություններՙ ստվերային տնտեսություն, կոռուպցիա, որը խոչընդոտում է միջին բիզնեսի զարգացմանը: Քաղաքականությունը, որ որդեգրել է ՀՀ կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ, հետեւյալն էՙ մենք ինքներս պետք է բաց խոսենք առկա խնդիրների մասին: Պետք է բացահայտենք իրականության այդ պրոբլեմները եւ լուծենք դրանք: Մյուս կողմից բիզնես միջավայրի առողջացման ոլորտում տասնյակ օրենքներ ու նորմատիվային ակտեր են ընդունվել, որոնց նպատակն է ավելի հարմար միջավայր ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Երկրորդըՙ մի կարեւորագույն սկզբունք ունենք տնտեսական միջավայր ձեւավորելու համարՙ որեւէ խտրականություն չպետք է դնենք հայկական արտադրողի եւ օտարերկրյա ներդնողի միջեւ: Բոլորի համար սահմանվում են հավասար ռեժիմներ: Կարեւոր չէ, ներդնողը սփյուռքահայ է, թե արտասահմանցի: Երկուսն էլ հավասարապես օգտվում են մեր օրենսդրության հնարավորություններից: Կա նաեւ մեկ կանոն, որ եթե ազգային օրենսդրության փոփոխության ժամանակ օրենսդրությունը խստանում է, ապա օտարերկրյա ներդնողների համար երեք տարի դեռեւս կիրառվում է նպաստավոր ռեժիմ, որպեսզի նրանց համար հարմարավետ լինի բիզնես որոշումներ կայացնելը: Երրորդն այն է, որ սփյուռքի հետ կապերն ամրապնդելու նպատակով ստեղծել ենք սփյուռքի հարցերով զբաղվող նախարարություն, որի նպատակն է ամրապնդել սոցիալական, տնտեսական, մշակութային եւ բազմաբնույթ կապերը, ներառելով նաեւ կրթական խնդիրներ: Բնականաբար ստեղծվում են ասոցիացիաներ, այդ թվումՙ բիզնես ասոցիացիաներ, որոնք խթանում են մասնավոր ներդրումները, այդ թվումՙ Սփյուռքից դեպի Հայաստան: - Իսկ որքա՞ն տոկոս է կազմում սփյուռքահայության մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ: Կա՞ նման վիճակագրություն: - Սփյուռքահայերինն առանձնացված չունենք, այլ հաշվարկած ունենք օտարերկրյա ներդրումները մեր տնտեսության մեջ: Այդ ցուցանիշն ավելանում է: Անցած տարի մենք ունեցանք այդ ներդրումների կտրուկ անկում, որոնք գալիս էին նախ եւ առաջ Ռուսաստանի Դաշնությունից եւ ԱՄՆ-ից, որտեղ մեր ամենախոշոր համայնքներն են: Եվ այդ ներդրումների կրճատումըՙ շուրջ 30 տոկոսով, իր ազդեցությունն ունեցավ մեր ներքին համախառն արդյունքի ցուցանիշի վրա: Դա նշանակում է, որ սփյուռքահայության մասնակցությունը մեր տնտեսության մեջ մեծ է եւ շոշափելի: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մեր տնտեսության վրա զգացինք նաեւ այդ ներդրումների կրճատմամբ: - Իսկ ո՞ր ճյուղն եք համարում ամենահաջողվածը եւ կայացածը Հայաստանի տնտեսության մեջ: - Մեր բանկային համակարգը կարողացավ դիմագրավել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ալիքներին եւ ցույց տվեց իր ամրությունըՙ ի տարբերություն շատ զարգացած երկրների: Մենք ոչ մի լումա օգնություն չենք ցուցաբերել մեր առեւտրային բանկերին: Նրանք ունեին բավարար կապիտալիզացիայի մակարդակ, բավարար լիկվիդայնություն, մշտապես սպասարկել են հաճախորդների հաշիվները: Ավանդները երաշխավորված էին, եւ մեր ավանդատուների հարցում խնդիրներ չառաջացանՙ ի տարբերություն Արեւմուտքի, ուր շատ պետություններ իբրեւ օժանդակություն միլիարդավոր դոլլարներ տվեցին առեւտրային բանկերին, որպեսզի հաղաթահարեն այդ խնդիրները: Իսկ մենք նման խնդիրներ չունեցանք: Դրանով ապահովվեց մեր պետության ամրությունը, եւ մենք կարողացանք դիմագրավել այս փորձությանը, իսկ մեր բանկային համակարգը դրանով քննություն բռնեց: Երկրորդ կարեւոր ուղղությունը մեզ համար այն է, որ կառավարությունը շուրջ տասը տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արձանագրել է առաջնային: Եվ 2009-ին, եթե ընդհանուր տնտեսության մեջ անկում եղավ, ապա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցեցինք 17%-ի աճ, ստեղծեցինք նոր ընկերություններ, նոր աշխատատեղեր բացվեցին, եւ դրա տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ կայուն աճում էՙ մոտենալով 5%-ի: Սա մի կողմից նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացիային, մյուս կողմից շատ հեռանկարային է Հայաստանի համար ու արտահանման համար ունի մեծ պոտենցիալ: Այժմ ցանկանում ենք ծրագրեր իրականացնել տուրիզմի զարգացման ոլորտում, գյուղատնտեսության ապրանքների վերամշակման ոլորտում, քիմիական արդյունաբերության եւ այլն: - Մեր հարեւան երկրները, հատկապես Թուրքիան եւ Ադրբեջանը, մեծ աշխատանք են տանում միջազգային լրատվամիջոցներով տուրիզմի գովազդի ասպարեզում: Հայաստանը մի ժամանակ նույնպես նման քայլեր էր ձեռնարկում, բայց վերջին շրջանում ոչինչ չի նկատվում: Կրկին ճգնաժա՞մն է պատճառը: - Բնականաբար ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը ստիպեց վերանայել մեր բյուջեի ծախսային կառուցվածքը, եւ շատ ծախսեր ստիպված եղանք կրճատել: Բայց հիմա ստեղծել ենք ազգային մրցունակության խորհուրդ, որը մասնավորպետություն համագործակցության հայեցակարգն է մշակում, եւ այդ խորհրդի գլխավոր ծրագրերից մեկը հենց տուրիզմի զարգացման ուղղությունն է: Այդ ծրագրերը նոր թափ կհաղորդեն տուրիզմի զարգացմանը: Անցած տարվա ընթացքում տուրիզմը չի կրճատվել, նույնիսկ երեք տոկոսանոց աճ է եղել այդ ոլորտում, եւ եթե վերցնենք 2010-ի առաջին եռամսյակը, ապա օդային ուղեւորափոխադրումների ծավալի 5,5% աճ ունենք, եւ դա նաեւ տուրիզմն է ներառում: - Ընդդիմությունը հաճախ է քննադատում կառավարության տնտեսական ծրագրերը: Դուք որեւէ օգտակար բան տեսնո՞ւմ եք, որ կարելի է առանձնացնել եւ իրականացնել: - Ընդհանուր առմամբ ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի իշխանություններին: Դա օգտակար դեր է խաղում մեր հասարակական կյանքում, բացահայտում է թերությունները, ստիպում է, որ կառավարությունը նպատակային աշխատի, որպեսզի ապացուցի, որ որդեգրած քաղաքականությունը ճիշտ է եւ արդյունավետ: Բնականաբար մենք հետեւում ենք բոլոր քննադատություններին, որ հնչում են մեր հասցեին, եւ փորձում ենք հանել այն դրական տարրը, որ կա այդ քննադատության մեջ, եւ կիրառել: Կարող եմ նշել, որ այն ծրագրերը, որ մենք մշակել ենք եւ այն, ինչ որ առաջարկում է ընդդիմությունը, մեծ մասամբ կրկնում են այն սկզբունքները, որոնք մենք ենք առաջ քաշել: Մասնավորապես խոշոր բիզնեսի թափանցիկ աշխատանքը, օլիգարխների դեմ պայքարը, փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումը, բարեփոխումների իրականացումը, տնտեսության դիվերսիֆիկացիան: Բնականաբար կան կետեր, որոնք մեզ համար անընդունելի են, որոնցով էլ տարբերվում են մեր ծրագրերը: Բայց ընդհանուր առմամբ ողջունելի է, երբ ընդդիմությունն առաջ է քաշում իր ծրագրերը: - Մեր ժողովրդին հուզում են հայ-թուրքական հարաբերությունները եւ ցեղասպանության ճանաչման խնդիրը: Նախագահ Սարգսյանի ելույթից հետո նոր փուլ է սկսվում, եւ բնականաբար հարց է ծագում, թե ի՞նչ է լինելու, ի՞նչ է սպասվում: Ցեղասպանության ճանաչման հարցով միայն պետք է զբաղվի սփյուռքի՞ ժողովուրդը, ժամանակը չէ՞, որ միջազգային դատական ատյաններում Հայաստանի կառավարությունը բարձրացնի ցեղասպանության իրավական գնահատման հարցը: Ընդհանրապես ի՞նչ դասեր քաղեցինք հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված պրոցեսից: - Առաջին հերթին փորձենք գնահատել, թե ի՞նչ արդյունքներ ունենք ՀՀ նախագահի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման նախաձեռնության արդյունքում: Պետք է նշեմ, որ էապես բարձրացել է Հայաստանի միջազգային վարկը: Մենք ստացել ենք Միացյալ Նահանգների, Եվրոմիության, Ռուսաստանի Դաշնության եւ այլ խոշոր պետությունների աջակցությունն այս նախաձեռնության վերաբերյալ, եւ համաշխարհային քաղաքական դաշտում բոլոր հեղինակավոր խաղացողները տվել են չափազանց բարձր գնահատական մեր սկզբունքայնության առումով եւ այն արձանագրությունների, որ ստորագրվեցին: Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ պատրաստ ենք կոնստրուկտիվ երկխոսության Թուրքիայի հետ, որ մենք պատրաստ ենք հարաբերությունների բարելավմանը առանց նախապայմանների, եւ մինչեւ վերջ մեր սկզբունքայնությունը պահպանեցինք: Դա չափազանց կարեւոր հանգամանք է: Վերջին երկու տարում միջազգային հանրությունը, միջազգային լրատվամիջոցները մանրամասն ներկայացրին Հայոց ցեղասպանության հարցը, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների առկա կնճռոտ հարցերը: Դա դարձավ միջազգային դիվանագիտության օրակարգային կարեւոր հարց, որովհետեւ առնչվում է նաեւ բազմաթիվ այլ միջազգային խնդիրների եւ ընկալումների, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը վաղը, եւ թե ինչպիսի դերակատարություն պետք է ունենանք մենք բոլորսՙ Թուրքիան, ԱՄՆը, Եվրոմիությունը, Ռուսաստանը, եւ ինչպիսի արժեքային համակարգի կրող ենք մենք բոլորս: Պրոցեսը ցույց տվեց նաեւ, թե որքանով են Թուրքիայի հռչակած սկզբունքները եւ իրականացվող քաղաքականությունը համընկնում, ինչը չափազանց կարեւոր է: Երրորդը, ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ: Մենք պայմանավորում ենք հայ ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը այս տարածաշրջանումՙ ունենալով մի հարեւան, որը ոչ միայն ժխտում է ցեղասպանության փաստը, այլեւ իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք առնվազն Հայաստանի մտահոգությունն են առաջացնում, թե որքանով հուսալի գործընկերոջ հետ գործ ունենք, որքանով է մեր հարեւանը պահպանում միջազգային դիվանագիտության մեջ ընդունված նորմերը, միջազգային հարաբերությունների պրակտիկան եւ կանոնները: Հատկապես Ղարաբաղյան խնդրում նրա որդեգրածՙ Ադրբեջանին միակողմանիորեն աջակցելու մոտեցումը, սահմանների փակ պահելը վկայում են, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ: Եվ ՀՀ նախագահի նախաձեռնությունը աշխարհի համար նույնպես առիթ դարձավ, որ նկատի առնվեն այդ խնդիրները: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, դառնալով միջազգային քննարկման հարց, լինելով գերտերությունների ուշադրության կենտրոնում, բնականաբար մի նոր եւ լուրջ խթան դարձավ, որ ՀՀ անվտանգության ապահովման եւ խաղաղ ճանապարհով հարաբերությունների կարգավորման խնդիրը լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Եվ դա, կարծում եմ, ինքնըստինքյան ստեղծում է լրացուցիչ խթան խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով: Այնպես որ, այս երեք ուղղություններով մենք ունենք դրական արդյունքներ: Կա նաեւ չորրորդ հարթությունը: Այն է, որ հայ հասարակությունը, Հայաստանի քաղաքացիները եւ սփյուռքահայերը պետք է պատրաստ լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլին: Մենք պետք է փորձենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կառուցել պրագմատիկ, աշխարհին միտված, Հայաստանի Հանրապետության շահերից բխող բազայի հիման վրա: Եվ մենք իրավունք չունենք մեր արտաքին քաղաքականության հիմքում դնելու հակաթուրքական քաղաքականություն: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի հայամետ, հաշվարկների վրա հիմնված, իսկ այսօրվա հաշվարկները ցույց են տալիս, որ հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ բարելավումը բխում են նաեւ մեր պետության եւ ժողովրդի շահերից: Այլ խնդիր է, թե ինչպես պետք է այդ հարաբերությունները կարգավորվեն եւ թե ինչ սկզբունքների հիման վրա: Բայց որ դրանք պետք է կարգավորվեն, ակնհայտ է: - Իսկ միջազգային ատյաններում հարցը բարձրացնելու խնդի՞րը: - Սա առանձին եւ լուրջ խնդիր էՙ Հայոց ցեղասպանության խնդիրը դիտարկել զուտ իրավական դաշտում: Այստեղ մեծ աշխատանք պետք է կատարվի, եւ ճիշտ կլինի, որ այդ աշխատանքը լինի մեր սփյուռքի ուշադրության կենտրոնում: - Սփյուռքահայ իրավաբանների մի խումբ այդ խնդրով արդեն զբաղվում է: - Ես կարծում եմՙ դա ճիշտ ռազմավարություն է, որ ցեղասպանության հետեւանքով ձեւավորված սփյուռքը փորձի իր պայքարը ծավալել ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական դաշտում, փորձելով ժամանակակից իրավագիտությունն օգտագործել եւ հասնել ինչ-արդյունքների: Պետք է այս հարցերին մեծ ուշադրություն դարձնել, ինչը նախկինում կարծես մեծ ուշադրության չի արժանացել: - Դրա հետ է կապված նաեւ ղարաբաղյան խնդիրը: Այժմ շատ հաճախ է քննարկվում Ղարաբաղի մասնակցության հարցը բանակցային պրոցեսին: Այդ հարցն արդեն դրվե՞լ է բանակցությունների սեղանին: - Այդ հարցը միշտ գտնվել է մեր ուշադրության կենտրոնում եւ Մինսկի խմբի շրջանակներում պարբերաբար քննարկվում է, քանի որ ակնհայտ էՙ որեւէ լուծում ենթադրում է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Դա անխուսափելի է: ԼՂՀ եւ նրա ժողովրդի կարծիքը լինելու է կողմնորոշիչ, եւ դրա հիման վրա են տրվելու լուծումները: Մենք որդեգրել ենք մի քաղաքական դիրքորոշում, որը հաստատել է դեռեւս Հայաստանի Գերագույն խորհուրդը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը չի կարող ընդունել կարգավորման որեւէ բանաձեւ, որը ընդունելի չէ ԼՂՀ-ի համար: - Իսկ մոտ ապագայում տեսնո՞ւմ եք կարգավորման հնարավորություն: - Տեսնենք ինչպես կընթանան բանակցությունները: - Սովորաբար քաղաքական գործիչներին ներկայացնում ենք նաեւ իրենց աշխատանքից դուրս: Այժմ, իբրեւ կառավարության ղեկավար, բնականաբար շատ զբաղված եք եւ Ձեր երեք երեխաներին, ընտանիքին քիչ ժամանակ եք հատկացնում: Ի՞նչն է Ձեզ առավել հետաքրքրում աշխատանքից դուրս: - Աշխատանքից դուրս, եթե ազատ ժամանակ է լինում, նվիրում եմ ընտանիքին, երեխաներին, ովքեր իմ կարիքն ունեն, եւ որոնց կարիքն ունեմ ես: Շուտով իմ փոքրիկ տղան կդառնա երկու տարեկան, միջնեկըՙ ինը տարեկան է, աղջիկս այս տարի մեզ նվիրեց առաջին թոռնիկս: - Այսինքնՙ արդեն պապիկ եք: - Այո, բնականաբար դա մեզ համար երջանկություն է: Ինչպես ասում ենՙ ընտանեկան բանտարկությունը երջանկություն է: Մենք փորձում ենք վայելել մեր ընտանեկան երջանկությունը: Մյուս հետաքրքրության ոլորտը փիլիսոփայությունն է: Արդեն քսան տարի ազատ ժամերիս զբաղվում եմ մեթոդաբանությամբ, որը փիլիսոփայության կարեւոր ճյուղերից է: Փորձում եմ նաեւ ժամանակ տրամադրել սեմինարներին, որոնք մենք մեր գործընկերների հետ կազմակերպում ենք: Սիրում եմ նաեւ երաժշտություն, գրականություն: - Ի՞նչ երաժշտություն եք սիրում: - Ընդհանրապես բոլոր ոճերում էլ կան ստեղծագործություններ, որ շատ սիրում եմ: Վերջին շրջանում մենք խթանում ենք ռոք երաժշտության զարգացումը Հայաստանում: Փորձում ենք ստեղծել ռոք երաժշտության սիրահարների ասոցիացիա: Երեւի նկատել եք, որ վերջին տարվա ընթացքում համաշխարհային ռոք երաժշտության աստղեր են այցելել Հայաստանՙ «Յուրայ Հիփը», Յան Գիլանը, «Դիփ Փարփլը»: Նաեւ մի այսպիսի գաղափար ունենքՙ կազմակերպել ռոք երաժշտության միջազգային փառատոնՙ «Ռոքնՙ ընդդեմ ցեղասպանության» խորագրով: Դա կվերաբերի ոչ միայն հայկական, այլեւ ընդհանրապես բոլոր ցեղասպանություններին: Այս բոլոր խմբերի հետ ես անձնապես բանակցել եմ, եւ բոլորը տվել են իրենց մասնակցության համաձայնությունը: Կարծում եմ, դա նաեւ Հայաստանի Հանրապետության իմ սերնդի քաղաքացիների համար բացառիկ հնարավորություն էՙ շփվել այն աստղերի հետ, որոնք սովետական տարիներին մեզ համար անհասանելի էին: Հայաստան այցելության ընթացքում նաեւ նրանց մի մասին պարգեւատրել ենք ՀՀ նախագահի եւ կառավարության բարձր պարգեւներով: «ԱԶԳ», 02-07-2010

No comments: