Thursday, July 8, 2010

Փալոնը ողջունում է Քլինթոնի այցը Ծիծեռնակաբերդ

«Ազատություն» 7-7-2010- ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ վերահաստատել մեկեւկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչելու` Միացյալ Նահանգների կառավարությանը ուղղված իր կոչը: «Պետքարտուղար Քլինթոնի ուղեւորությունը Հարավային Կովկասի տարածաշրջան ցույց է տալիս տարածաշրջանի հետ մեր հարաբերությունների կարեւորությունը», - «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ` ասված է կոնգրեսականի գրավոր հայտարարությունում: - «Պետքարտուղարի այցելությունը ցեղասպանության հուշահամալիր հարգալից ակտ էր եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Միացյալ Նահանգների դիվանագիտության` ամենաբարձր մակարդակով, առաջընթացի վկայություն»: «Հուսով եմ, պետքարտուղարը կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում հարաբերությունների բարելավմանը: Հարեւանների հետ հարաբերությունների բարելավմանը Հայաստանի նվիրվածության ճանաչումը նրա կողմից եւ նրա աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` Ադրբեջանի վերջին հարձակումների լույսի ներքո, մեծապես քաջալերող է եւ գնահատելի», - հայտարարել է հայամետ կոնգրեսականը: Փալոնը իր հայտարարությունում հորդորում է Ներկայացուցիչների պալատին առաջ շարժվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հարցում եւ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում սատարել այդ ջանքերը: Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը այս տարվա մարտի 4-ին հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն մինչ օրս Պալատի լիագումար նիստի քննարկմանը չի ներկայացվել:

No comments: