Monday, July 19, 2010

ԻՆՉ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

«Լրագիր» 19-7-2010- Հուլիսի 17-ի իր ելույթում Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ 13 տարի առաջ իր հնչեցրած “փոխզիջման այլընտրանքը պատերազմն է” պնդումը չի կորցրել ուժը: Դրանից հետո, խոսելով այն մասին, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Արեւմուտքի համար առաջնահերթություն չէ, Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց նույն Արեւմուտքին հետեւյալ նախադասությամբ. “Հետեւաբար, եթե Ղարաբաղի հարցն Արեւմուտքի համար առաջնահերթություն չէ, ապա նա պետք է ազնվություն ունենա խոստովանելու այս իրողությունը` հակամարտող կողմերին այլընտրանքի հնարավորություն ընձեռելու համար”: Հարց է առաջանում, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը: Արդյոք այն այլընտրանքի, որը պատերազմն էր: Թե խոսքը Ռուսաստանի մասին է, որի ձեռքին է Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսնում Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին: Իսկ գուցե Ռուսաստանն ու պատերազմը նույն բանն են: Ռուսաստանը կամ պետք է Հայաստանի իշխանության վրա իր ազդեցությունն օգտագործի իշխանությանը փոխզիջում պարտադրելու համար, կամ պատերազմ սանձազերծի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այդպիսով լուծի հարցը: Փոխզիջման պարտադրանքը մի քիչ անիրատեսական է, քանի որ դա ավելի շատ ոչ թե կարգավորման է հանգեցնելու, այլ իշխանության հրաժարականի: Ռուսաստանը չի կարող դա չգիտակցել: Թերեւս դա չի կարող չգիտակցել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով մի անգամ արդեն իսկ հենց իր “մաշկի” վրա է զգացել, թե ինչ հետեւանքի է բերում փոխզիջման գնալու ռեալ պատրաստակամությունը` այն հանգեցնում է իշխանության կորստի: Դա շատ լավ է գիտակցում նաեւ Սերժ Սարգսյանը, առնվազն ում աչքի առաջ, ու նաեւ մասնակցությամբ է Լեւոն Տեր-Պետրոսյանը կորցրել իշխանությունը: Հետեւաբար Ռուսաստանի բանալին եթե ռեալ է, ապա այդ բանալին մնում է պատերազմը: Խոսքն իհարկե կառավարվող, ինչ որ տեղ իմիտացիոն պատերազմի մասին է, երբ այդ միջոցով Հայաստանից “հասանելիք” փոխզիջումը կորզվում է ու պատերազմը դադարում, այդ ընթացքում իհարկե տալով բազմաթիվ զոհեր թե հայկական, թե ադրբեջանական կողմերից: Բայց այդ դեպքում արդյոք իշխանության կորստի հեռանկարը Սերժ Սարգսյանի համար պակաս մեծ է, քան ռեալ փոխզիջման գնալու դեպքում: Հազիվ թե, քանի որ դժվար է պատկերացնել, որ պատերազմը տանուլ տված իշխանությունը շարունակի կառավարել երկիրը: Միթե հայ հասարակությունն այդ աստիճան անհամարժեք է մարդկային բանականությանը: Հետեւաբար, Հայաստանի ներկայիս իշխանության շահին ուղղակի հակասում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործը` բանալին, Ռուսաստանին վստահելը: Ու դա թերեւս այն եզակի դեպքերից է, որ իշխանության ու հասարակության, իշխանության ու պետության շահերը համընկնում են, քանի որ հակամարտության կարգավորումը Ռուսաստանին, այն էլ ներկայիս Ռուսաստանին վստահելու պարագայում, որտեղ այժմ տեղի են ունենում ներիշխանական լուրջ խմորումներ եւ որտեղ փաստացի երկիշխանություն է, եւ այդ երկիրը ինքն էլ դեռ հստակ չի կողմնորոշվել, թե ինչ է ուզում աշխարհից, Հայաստանն ու Ղարաբաղը կանգնելու են անխուսափելի կորուստների առաջ` կամ խաղաղ, կամ ռազմական ճանապարհով: Ընդ որում, խոսքը զուտ ֆիզիկական կորուստների մասին չէ, այլ նաեւ բարոյահոգեբանական, մթնոլորտային կորուստների, քանի որ այժմ տարածաշրջանում փաստացի միակ հաղթող պետությունը հանդիսացող Հայաստանը փաստացի ի ցույց է դնելու սեփական հաղթանակը տնօրինելու անկարողությունն ու վերածվելու է սովորական անհաջողակի: Թեեւ դա արդեն իսկ մեծ հաշվով տեղի է ունեցել, եթե առ այսօր Հայաստանում քաղաքական բարձր մակարդակում հնչում են տեսակետներ, թե Հայաստանի զարգացումն անհնար է առանց Ղարաբաղի հակամարտության փոխզիջումային կարգավորման եւ առանց հայ-թուրքական հարաբերության բարելավման: Չկարողանալով երկրի ներսում ապահովել օրինականություն, արդարություն, արդարադատություն, իրավունք եւ ազատություն, քաղաքական տարբեր բեւեռները հաճույքով տեղավորվել են այդ դրույթի մեջ, թե ամեն ինչի պատճառը փակ սահմանն ու չլուծված Ղարաբաղն է: Այդ մասին ոչ բոլորն են բարձրաձայնում, բայց դա բավարարում է բոլորին, քանի որ հիանալի արդարացում է ներքին անկենսունակության համար` իշխանությունը վերցնել չի ստացվում, ուրեմն պատճառը Ղարաբաղն է, ընտրություններ են կեղծվում 1995 թվականից, ուրեմն պատճառը Ղարաբաղն է, մարդկանց, ընդդիմադիրներին 1995 թվականից հալածում են, բանտ նետում, ծեծում եւ արդեն գնդակահարում` կրկին պատճառը Ղարաբաղն է: Բա եթե ամեն ինչ կախված է Ղարաբաղից, էլ ում են պետք տարատեսակ քաղաքական գործիչները, կուսակցություններն ու դաշինքները, շարժումներն ու մարժումները, էլ ում են պետք իրավունքի, ազատության եւ Սահմանադրական կարգի մասին խոսակցությունները, ինչի համար են դրանք: ՀԱԿՈԲ ԲԱԱԴԱԼՅԱՆ

No comments: