News.am- 7-7-2010- Միջազգային հանրությունը որքան շատ է խոսում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու մասին, այնքան Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ավելի հաճախակի ու կոշտ են դառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբերալ կուսակցության նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին ռազմատենչ հայտարարությանը: Նա նշեց, որ Ալիեւի հայտարարություններից հայկական կողմը պետք է լուրջ հետեւություն անի, քանի որ Ալիեւը չի կարող հենց այնպես նման կեցվածք որդեգրել` ձեռնոց նետելով միջազգային հանրությանը: «Իրանի նման հզոր պետությունը չի կարողանում աշխարհին ձեռնոց նետել, սակայն Իլհամ Ալիեւը իրեն թույլ է տալիս մշտապես կոշտ հայտարարություններ անել: Այստեղից պետք է երկու հետեւություն անել. կա’մ Ալիեւը հաշվի չի նստում միջազգային հանրության հետ, ինչը խիստ կասկածելի է, կա’մ էլ միջազգային հանրության համար շահավետ են թվում Ալիեւի հայտարարությունները»,-նշեց Հովհաննիսյանը: Նա այս համատեքստում հիշեցրեց հունիսի 18-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ կապված միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը` հայկական կողմին առաջարկելով հետեւություններ անել դրանից:
Ընդդիմադիր գործիչը նշեց նաեւ, որ եթե Ադրբեջանի նախագահը խոսում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով սահմանված ինքնապաշտպանվելու իրավունքի մասին, ապա պետք է նկատի ունենա, որ նման իրավունք ունեն բոլոր, այդ թվում եւ ԼՂՀ-ի ժողովուրդը: ՀԱԿ ներկայացուցչը համաձայն է Ադրբեջանի նախագահի այն դիտարկմանը, թե Հայաստանի բանակցային դիրքերը գնալով թուլանում են, եւ ԼՂ խնդրում ստատուս-քվոյի պահպանումը հնարավոր է դառնում միայն հայկական Սփյուռքի ջանքերով: «Հայաստանի բանակցային դիրքերի թուլացման մասին Ալիեւը չէ, որ պետք է ասի, մենք դրա մասին հստակ հայտարարում ենք վերջին մի քանի տարիներին: Ներքաղաքական գործընթացները շատ են թուլացրել Սերժ Սարգսյանի բանակցային դիրքերը, եւ մենք նոր չէ, որ ասում ենք` չի կարելի արտաքին քաղաքականության ոլորտում ԼՂ խնդրի պես նուրբ խնդիր ունենալ եւ ոչ ռացիոնալ ձեւով երկիր կառավարել: Դա բերում է ծանր հետեւանքների»: Ինչ վերաբերում է հայկական Սփյուքի մասին Ադրբեջանի նախագահի դիտարկմանը, ապա Հովհաննիսյանի խոսքով. «Ալիեւը հստակ հասկանում է, թե ինչ մեծ ազդեցություն ունի հայկական լոբբին ողջ աշխարհում: Սակայն նա նաեւ հայկական լոբբիով է փորձում հիմնավորել անցած տարիների ընթացքում իր երկրի պարտվողական կոմպլեքսը»: Հովհաննես Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ ստատուս-քվոն չի կարող հավերժ լինել ու այն ինչ-որ պահի կարող է խախտվել:
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment