News.am. 21-7-2010- Հայոց համազգային շարժումը համամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀՇ 16-րդ համագումարում արած հայտարարությանը, ըստ որի՝ առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Այս մասին հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, թե այդ հայտարարությունը լուրջ մտահոգություն ու տագնապ է՝ երկրում եւ երկրից դուրս ընթացող զարգացումների վերաբերյալ:
«Ես բարձր եմ գնահատում ճիշտը ներկայացնելու, իրականությունից չփախչելու նրա համարձակությունը: Եւ եթե որոշ մարդիկ խուսափում են այդ մարտահրավերները ներկայացնելուց, ապա դա առնվազն ազնիվ չէ: Իսկ Տեր-Պետրոսյանն ունի իրականությունը հասարակությանը ներկայացնելու քաղաքական կամքն ու համարձակությունը»,-նշեց Մանուկյանը: Նա նաեւ վերլուծեց Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ նշելով, թե Հայաստանը հայաթափվում է՝ հատկապես մարտի 1-ից հետո: «Տեր-Պետրոսյանի SOS-ը դրան էր վերաբերում: Ղարաբաղը դեմոգրաֆիկ լուրջ պրոբլեմներ ունի:
Այս տեմպով զարգանալու դեպքում Հայաստանը կարող է լուրջ վտանգների հասնել առաջիկայում: Սա լուրջ ահազանգ է բոլոր քաղաքական ուժերին»,-ընդգծեց Մանուկյանը: Մանուկյանը հավելեց նաեւ, որ ԼՂ-ի խնդրի հայանպաստ լուծման գրավականը ուժեղ Հայաստանն է, որը ժողովրդավարական երկիր է, չունի քաղբանտարկյալներ: Մանուկյանի խոսքով՝ անցած 10 եւ ավելի տարիների ընթացքում ԼՂ խնդրի վերաբերյալ ոչ նպաստավոր փաստաթղթերի կուտակում է տեղի ունեցել, եւ խտացել են ԼՂ հարցի լուծման շրջանակն ու ժամկետները: «Ուր որ է, խստագույնս վատթարագույն փաստաթուղթ կամ լուծում է լինելու Հայաստանի եւ Ղարաբաղի վերաբերյալ»,-նշեց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ այս փուլում էլ իշխանությունների հրաժարականը որոշ բան կարող է փրկել:
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment