Saturday, August 14, 2010

ԻՍԿ ՄԻՏԻՆԳ ՑՐԵԼՈ՞Ւ ԵՆ

«Լրագիր» 13-8-2010- Եվս մի քանի օր, ու Հայաստանի ռուսական ռազմակայանները կստանան նոր լիազորություն` մասնակցել Հայաստանի անվտանգության ապահովմանը: Այդ համաձայնագրի ստորագրումը սպասվում է ՌԴ նախագահ Մեդվեդեւի հայաստանյան այցի շրջանակում: Այդպիսով, երկարաձգվելու է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը` նախկին 25 տարվա փոխարեն սահմանելով 49 տարի, ինչպես նաեւ ընդլայնվում է լիազորությունն, ու ռազմակայանն իրավասու է դառնում մասնակցել Հայաստանի անվտանգության ապահովմանը: Այդ հեռանկարը Հայաստանում առաջացրել է բավական աշխույժ քննարկում, ինչը սակայն առավելապես տեղի է ունենում սոցիալական ցանցերի եւ ինտերնետային ու տպագիր մամուլի շրջանակում, իսկ հեռուստաընկերությունները շարունակում են այդօրինակ իրողությունների հանդեպ որդեգրել ռետինե խողովակի կեցվածք: Շատերը գոհ են ռուսական նոր լիազորությունից, իսկ շատերն էլ համարում են, որ դա Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված հերթական հարվածն է: Այդ ամենի մեջ կա հետաքրքրական մեկ այլ կողմ, որը կարծես թե դուրս է մնացել քննարկման շրջանակից: Խոսքն այն մասին է, թե արդյոք ռուսական ռազմակայանները, որոնք ստանձնում են Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններին մասնակցելու հնարավորություն, ստանում են նաեւ Հայաստանի ներքին կյանքին միջամտելու իրավունք: Օրինակ, արդյոք ռուսական ռազմակայանները Հայաստանում կարող են մասնակցել անցանկալի միտինգներ կամ հավաքներ ցրելու գործողություններին: Ի վերջո, չէ որ այդ ամենն էլ ներկայացվում է որպես պետության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառում: Երբ մարտի 1-ին ուժայինները գնդակահարում էին քաղաքացիներին, դա չէին ներկայացնում որպես անձնական հակակրանք կամ որպես իշխանատենչություն, այլ ներկայացնում էին որպես պետության անվտանգությանն ապահովմանն ուղղված քայլ: Հետեւաբար, միանգամայն հնարավոր է, որ ռուսական ռազմակայանները ստանան նաեւ այդօրինակ օպերացիաներին մասնակցելու իրավական հիմք: Համենայն դեպս, այն պարագայում, երբ հստակ չէ, թե ինչ ասել է անվտանգության ապահովում, պետք չէ բացառել այդպիսի հեռանկարը: Այն, որ խոսքը զինուժի մասին է, իսկ զինուժն էլ իրավունք չունի խառնվել ներքին քաղաքական կյանքին, ինչը Հայաստանի Սահմանադրության պահանջ է, կարծես թե այդքան էլ ամուր երաշխիք չէ: Բանն այն է, որ այդ պահանջն անտեսվեց 2008 թվականի մարտի 1-ին, իսկ այդ օրվանից որեւէ այնպիսի “ջուր” չի հոսել, որը հիմք տար մտածելու, թե այլեւս չի անտեսվի:

No comments: