«Առավոտ». 14-8-2010- Պարբերականը գրում է. «Հայաստանյան որոշ փորձագետներ փորձում են համոզել, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգեր վաճառելը հավասարակշռվում է նույն ՌԴ-ի կողմից Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը երկարաձգելու եւ ՀՀ անվտանգությունն ապահովելու նրա հանձնառությամբ: «Ռուսաստանի այդ գործողություններում կողմերի միջեւ, իբր, հավասարակշռություն պահպանելը պատրանք է եւ ավելի շատ մեզ սփոփելու միտում ունի:
Ես երբեք չեմ հավատացել եւ հիմա էլ չեմ հավատում, որ Ռուսաստանը պաշտպանելու է ՀՀ անվտանգությունը, թեեւ մենք անվտանգության նույն համակարգի ծիրին մեջ համագործակցում ենք: Ռուսաստանի շահերն այսօր շատ ավելի ուրիշ դաշտում են, քան՝ Հայաստանի: Եւ եթե Ադրբեջանը որոշի ուժով խնդիր լուծել, չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը պիտի Հայաստանին լիարժեք պաշտպանի եւ Ադրբեջանի դեմ զենք գործադրի»,-թերթի հետ զրույցում ասել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, Լոս-Անջելոսում բնակվող Համբիկ Սարաֆյանը: Նա հաեւ հավելել է. «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները գնալով լավանում են:Միշտ էլ այդպես եղել է, ուղղակի մենք չենք ցանկացել դա տեսնել՝ մտածելով, որ Ռուսաստանը բացառապես մեր բարեկամն է եւ կովկասյան տարածաշրջանում ուրիշների հետ հարաբերություններ չունի: Բայց հստակ երեւում է, որ ռազմավարական առումով Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են, որովհետեւ Ադրբեջանը ոչ միայն նավթամուղերի մեջտեղն է նստած ու կարող է շատ մեծ դեր խաղալ, այլեւ, Իրանի սահմանակից երկիր լինելով, Ռուսաստանի համար ուժեղ լծակ է՝ Իրանի հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից:
Ի դեպ, նույն հետաքրքրությամբ ամերիկահայերը հետեւում են Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներին, որովհետեւ այսօր այդ երկրի դերի մեծացումն ուղղակիորեն կախված է Իրանի եւ ամբողջ աշխարհի հարաբերությունից, եւ մենք դա դիտակում ենք նաեւ այդ տեսանկյունից: Տեսնելով նաեւ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները, մենք իսկապես մտահոգված ենք, որովհետեւ քանի դեռ ունենք ԼՂ հարց, Հայաստան-Ադրբեջան հավասարակշռության որեւէ թեքումն ու Ադրբեջանի դերի մեծացումը, վստահաբար, բացասաբար է անդրադառնալու ԼՂ հարցի լուծման վրա»:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment