
«Լրագիր» 5-8-2010- Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը Թեհրանում մասնակցել է կոնֆերանսի, որից հետո հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ: Հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասնություններ չեն հայտնվում:
Իրանին, բնականաբար, չեն կարող չանհանգստացնել վերջին իրադարձությունները տարածաշրջանում, մասնավորապես` Ադրբեջանին ռուսական C-300 զենիթային հրթիռային համակարգերի մատակարարումը եւ Հայաստանում Ռուսաստանի ռազմական բազայի ժամկետը երկարաձգելն ու լրացուցիչ լիազորություններով օժտելը:
Առաջինի վերաբերյալ Իրանը բարձր մակարդակով կոշտ հայտարարություն է արել: Բանն այն է, որ այդ համակարգերը նախատեսված են եղել Իրանի համար, որի դիմաց վերջինս արդեն վճարել էր: Սակայն Ռուսաստանը փոխել էր որոշումը Արեւմուտքի ճնշման տակ, եւ դրանք կտեղակայի Ադրբեջանում: Խնդրի մյուս կողմն այն է, որ հնարավոր է այդ համակարգերը նախատեսված են հենց Իրանի դեմ: Վերջին շրջանում քաղաքական գործիչները Ադրբեջանին շատ են ակնարկում “ծովից սպառնացող վտանգի եւ Բաքուն պաշտպանելու” անհրաժեշտության մասին, նկատի ունենալով իրանական ուղղությունը:
Ինչ վերաբերում է ռուսական բազաներին, ապա կա տեսակետ, որ դրանց կարգավիճակի փոփոխությունը` լիազորությունների ընդլայնումով, ռուսական կողմին հնարավորություն է տալիս ավելի ազատ գործելու տարածաշրջանում: Կարելի է հիշել հակամարտության գոտում ռուսական եւ արեւմտյան խաղաղապահներ տեղակայելու մասին խոսակցությունները, որին ի պատասխան Հայաստանում Իրանի դեսպանը հստակ հայտարարեց, թե իր սահմանների մոտ չի հանդուրժի օտար զորքեր:
Ինչ է ասելու Հայաստանն այս կապակցությամբ Իրանին, որի քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանի վերաբերյալ սկզբունքային հարցերում համընկնում է Հայաստանի ու հայերի շահերին, այն է` Ղարաբաղն իր ներկայիս սահմաններով չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ հայ-իրանական սահմանը պետք է հսկի հայկական զորքը: Կարող է արդյոք Հայաստանը երաշխիքներ տալ, որ այդպես էլ լինելու է:
No comments:
Post a Comment