Monday, August 16, 2010

Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան ռազմաքաղաքական և տնտեսական նշանակություն ունի. վերլուծաբան

Tert.am. 16-8-2010- «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան նշանակություն ունի երկու կարևոր բաղադրիչներով՝ ռազմաքաղաքական համագործակցության և տնտեսական»,– Tert.am–ի խնդրանքով անդրադառնալով ՌԴ նախագահի հայաստանյան այցին՝ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ ՌԴ նախագահի այցի ռազմաքաղաքական նշանակությունը, ըստ քաղաքագետի, Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման մասին պայմանագրում փոփոխությունների կատարումն է։ Մինասյանի կարծիքով, հիշյալ պայմանագրում նման փոփոխություն կարվի, ինչը շատ կարևոր է, քանի որ կապահովի ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլև «եթե նպատակահարմար լինի, կօգտագործվի նաև ԼՂ խնդրի շուրջ ռազմական գործողությունների դեպքում»։ Սերգեյ Մինասյանի խոսքով, ռուս–հայկական ռազմաքաղաքական համագործակցության մասին է վկայում նաև այն համաձայնությունը, ըստ որի Ռուսաստանը Հայաստանին կցուցաբերի ռազմատեխնիկական օգնություն ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի միջոցով։ ՌԴ նախագահի այցի տնտեսական կարևորությունը, ըստ վերլուծաբանի, Հայաստանում ռուսական «Ռուսատոմ» ընկերության կողմից նոր էներգաբլոկի կառուցման պայմանագրին է վերաբերում։ Ինչ վերաբերում է Երևանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կարևորությանը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը նշեց. «Իրականում ՀԱՊԿ–ի գրեթե բոլոր հանդիպումները միշտ չէ, որ եղել են պաշտոնական ֆորմատով, բայց վերջիվերջո վեց երկրների նախագահների հանդիպումը բավական մեծ միջոցառում է։ Այն Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի հայ–ռուսական համագործակցության շրջանակներում, իսկ համար մեկ խնդիրը, ինչքան ես հասկանում եմ, որ պետք է քննարկվի այդ գագաթաժողովում, Ղրղըզստանում տեղի ունեցող իրադարձություններին ՀԱՊԿ–ի արձագանքն է»։

No comments: