Thursday, August 12, 2010

“ՃԱԳԱՐԻ ՈՒ ՎԻՇԱՊԻ” ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«Լրագիր» 12-8-2010- Քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ստորագրվելիք պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է. “Ռուսաստանի պարտադրանքին ընդառաջելով, տրվելով նրա վերնախավի մերկանտիլ շահերի սպասարկման անարժանապատիվ գործին, Հայաստանի իշխանությունը ստորագրելու է այս` “Ճագարի եւ Վիշապի պայմանագիրը”, որն ընդունակ է երկար ժամանակով զրկելու Հայաստանին քաղաքական որոշումներ ընդունելու իրավունքից եւ հնարավորությունից, որի արդյունքում Հայաստանի իշխանավորներին սպասվում է Կոկոյտիի եւ նրա փոխգնդապետ “մինիստրների” կարգավիճակ: Ուստի, հանրային եւ քաղաքական շրջանակներում շարունակվող այս լռության դավադրությունը գնահատում եմ որպես հանցագործություն ապագա սերունդների եւ Ազատ, Անկախ Հայաստանի ապագայի նկատմամբ”: Փորձագետի խոսքով, պետք չէ այստեղ հակառուսականություն կամ ռուսատյացություն փնտրել, այն չկա: “Հայ-ռուսական հարաբերությունները պետք է փրկել այս ստորացուցիչ պայմանագրից, որը բացի հարաբերությունները ֆունդամենտալ կերպով փչացնելուց` այլ բանի չի բերի, այն կապ չունի Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի հետ: Այն կապ չունի նաեւ Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ, որի փորձությունները դեռ առջեւում են, երբ անխուսափելիորեն հարց կբարձրանա ձերբազատվելու իրենց` արյունոտ ծաղրածուների տնավեր եւ գլխակեր իշխանությունից: ՀԱՊԿ կոչված թյուրիմացության սպասվելիք ծիսական խորովածակերությունը, որը “գագաթաժողով” է հորջորջված, նախորդելու է Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվան, երբ նախատեսվում է ստորագրել այդ չարաբաստիկ պայմանագիրը”: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, տպավորություն ստեղծվում, որ Ռուսաստանն իր քայլերը կատարում է հատուկ ճշգրտությամբ եւ նախարար Լավրովի ասած` “նրբագեղությամբ”, հաշվի առնելով բոլոր նրբությունները, նույնիսկ ամսաթվերը: “Թարգմանչաց տոնին փոխվեց լեզվի մասին օրենքը, արհավիրքի` Մեծ Հայրենականի սկսվելու օրը` հունիսի 22-ին, Ցյուրիխում անձեռոցիկին գրվեց. “Պոդպիսիվայ, Է’դիկ…”, Անկախության հռչակագրի ընդունման օրն էլ` սա կասեն. “Պոդպիսիվայտե, վաշու…”: Այս տեմպերով շարունակելով Երեւանի “Ռուսաստանի անվան հրապարակում” սեպտեմբերի 21-ին կարող են բացել իշխան Գոլիցինի կամ գեներալներ Մակաշովի եւ Սաֆոնովի արձանները,- ասել է նա: - Ինչո՞ւ ոչ: Քանզի ստորագրող մյուս կողմը, որը Հայոց Երկրի պատասխանատու է կոչվում, ինչպես ցույց են տալիս վերջին ժամանակները, այլեւս զուրկ է հասկանալու ունակությունից, թե ինչ է անում: Նրանք կքված են իրենց իռացիոնալ ագահության, սարսափի եւ անգիտության ծանր բեռի տակ, եւ սթափության կոչերն անհասցե են: Եկել է Քաղաքացու Ժամը”:

No comments: