Saturday, August 14, 2010

«Ժամանակ». Ինչու են Վրաստանում հակահայկական տրամադրություններն աճում

Ռուսաստանը որոշել է վերակազմավորել իր Հարավկովկասյան ռազմական օկրուգը՝ այն անվանել «Յուգ» և այնտեղ ընդգրկելԳյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի իր ռազմաբազաները։ Այս խնդիրների շուրջ «Ժամանակի» հետ զրույցում Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը մասնավորապես ասել է. «Այս քայլով այսօրվա Ռուսաստանի ղեկավարությունը, փաստորեն, հրաժարվում է 1991 թվականին ստեղծված Ռուսաստանի պատգամներից, քանի որ այն ժամանակ այդ երկիրը թույլ տվեց, որ հանրապետություններն անկախանան և հանեց իր զորքերը այդ երկրներից։ Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանը տակտ ունեցավ ու թեև պահեց իր ռազմակայանները Հայաստանում ու Վրաստանում, բայց դրանք կոչվում էին ռուսական ռազմաբազաներ Կովկասում կամ ռազմաբազաներ Հայաստանում, բայց հիմա, փաստորեն, այս նոր վերակազմավորումների արդյունքում ընդհանրապես անտեսվում է Հայաստանը կամ Աբխազիան, կամ Հարավային Օսիան և հայտարարվում է, որ այդ զորքերը մտնում են «Յուգ» (հարավ) ռազմական օկրուգի մեջ, այսինքն՝ մեր երկրները նրանք համարում են իրենց երկրի հարավային տարածքներ»։ Սա, ըստ նրա, ոչ պարկեշտ ու քամահրական վերաբերմունք ու մոտեցում է Ռուսաստանի կողմից և ստորացուցիչ է անգամ այնպիսի միավորների համար, ինչպիսիք են, այսպես կոչված, «անկախ» Աբխազիան կամ Ցխինվալը։ «Մինչ այդ էլ Ցխինվալում և Աբխազիայում ռուսական զորքեր մտցնելը ապօրինի էր, բայց հիմա դրանք մտցնելով «Յուգ» ռազմական օկրուգի հրամանատարության տակ՝ ստացվում է, որ սրանք պարզապես ռուսական տարածքներ են», -ասաց նա։

No comments: