Friday, August 13, 2010

Աֆշին Ղոտբի. «Հայաստանը կարող է հաջողություններ ակնկալել»

Իրանի ընտրանու գլխավոր մարզիչ Աֆշան Ղոտբին Հայաստանի հավաքականի հետ խաղում տոնած հաղթանակից հետո առավել հանգիստ էր իրեն զգում, քան հանդիպման ընթացքում: Նա արժանին մատուցեց մեր ազգային հավաքականին` հայտարարելով, որ Հայաստանը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կարող է հաջողություններ ակնկալել: «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել միասին անցկացրած այս պահի համար,- ասաց Իրանի ընտրանու գլխավոր մարզիչը: - Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է: Ժամանակին, երբ աշխատում էի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նկատել եմ հայազգի տաղանդավոր շատ խաղացողների: Մենք նույնպես հայազգի ֆուտբոլիստ ունենք: Խոսքն Անդրանիկ Թեյմուրյանի մասին է, ով, ցավոք, չկարողացավ մասնակցել Հայաստանի հավաքականի հետ ստուգողական խաղին: Բանն այն է, որ նա պայմանագիր պետք է ստորագրի անգլիական «Բլեքբեռնի» հետ և շատ զբաղված է: Հնարավոր է, որ այս խաղն առավել ամրապնդի Հայաստանի և Իրանի կապերը: Ինչ վերաբերում է կոնկրետ հանդիպմանը, ասեմ, որ դժգոհ եմ իմ թիմի խաղից հատկապես առաջին խաղակեսում: Չնայած ստեղծեցինք մի քանի գոլային պահեր, այդուհանդերձ, լավ չխաղացինք: Իսկ Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ էր, շատ ճիշտ էր խաղում և հասավ արդյունքի: Ընդմիջումից հետո մի քանի փոխարինումներ կատարեցինք և կարողացանք տիրել նախաձեռնությանը: Երբ Հայաստանի հավաքականը չիրացրեց 11 մետրանոց հարվածը, մենք ուժ գտանք մեր մեջ և կարողացանք խաղի նժարը թեքել մեր օգտին: Մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրեցինք միայն այն ժամանակ, երբ մնացինք 10 հոգով: Շատ ուրախ ենք այս արդյունքի համար: Ծանոթանալով Հայաստանի հավաքականի հնարավորություններին` կարող եմ շեշտել, որ դուք կարող եք հաջողություններ ակնկալել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում»:

No comments: