Friday, August 13, 2010

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Report.am. 12-8-2010- Համաձայն NBC News հեռուստաընկերության և Wall Street Journal պարբերականի անցկացրած հարցման, ԱՄՆ-ի քաղաքացիները գնալով ավելի են դրսևորում իրենց դժգոհությունները՝ կապված երկրի տնտեսական վիճակի հետ: Այս փաստը առաջիկայում կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ կարող է բացասական ազդեցություն ունենալ թե' Դեմոկրատական, թե' Հանրապետական կուսակցությունների ստանալիք ձայների վրա: Հարցվածների գրեթե երկու երրորդը գտնում է, որ իրավիճակն ամերիկյան տնտեսությունում նախ կգնա դեպի վատթարացում, ապա նոր կկարգավորվի: Յուրաքանչյուր վեցերորդը նշել է, որ երկիրը շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ, ընդ որում այս կարծիքն արտահայտողների տոկոսը մնում է կայուն արդեն մեկ տարվա ընթացքում: Հարցվածների կեսից ավելին հավանության չեն տվել նախագահ Բարաք Օբամայի վարած տնտեսական քաղաքականությանը: Ուսումնասիրությունը նաև արձանագրել է Կոնգրեսի հեղինակության խիստ անկում: Այն քաղաքացիների թիվը, որոնք ներկայիս Կոնգրեսի աշխատանքը գնահատել են միջինից ցածր, կամ համարում են այն վատթարագույնը պատմության ընթացքում, հասել է ռեկորդային ցուցանիշի. հարցվածների 72 տոկոսը։ Նոյեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ հանրապետականները լուրջ հնարավորություն ունեն դեմոկրատների փոխարեն իրենք մեծամասնություն կազմել Կոնգրեսի մեկ կամ երկու պալատներում, այդպիսով լրջորեն բարդացնելով նախագահ Օբամայի կառավարության կյանքը` խոչընդոտելով նրա օրենսդրական նախաձեռնությունները: Հարցվողների 42 տոկոսը կողմ է արտահայտվել որ Կոնգրեսը ղեկավարեն հանրապետականները:

No comments: