Saturday, August 14, 2010

Կ. Ավագյան. «ՆԱՏՕ-ն ԼՂ հարցի լուծման մեջ ներգրավելու ադրբեջանցիների փորձերն ապարդյուն են»

Panorama.am. 14-8-2010- «Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանը փորձում է ԼՂ խնդրի վերաբերյալ առանձին զեկույց ներկայացնել: ԱԴրբեջանցիները նույնիսկ հանդիպում են ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության հետ, որից հետո Հովիկ Աբրահամյանն անձամբ նամակ է հղել ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին` հորդորելով ու առաջարկելով ձեռնպահ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց: Այս կապակցությամբ թերթը զրուցել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի հետ: Վերջինս նշել է, որ ադրբեջանական կողմն ընդամենը փորձում է ՆԱՏՕ-ի ԽՎ հաջորդ նստաշրջանում քննարկման առարկա դարձնել ԼՂ հարցը: «Մենք ոչ մի անգամ չենք խուսափում Ղարաբաղի հարցը քննարկման թեմա դարձնելուց, որովհետև ամեն անգամ հարցի քննարկման ժամանակ հայկական կողմն իր դիրքորոշումները կրկնում է: Այստեղ ինքնին Ղարաբաղի հարցը բարձրացնելու խնդիրը չէ, այլ խնդիրն այն է, որ առանց Հայաստանի պատվիրակության իմացության ադրբեջանցիները և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պայմանավորվածության են եկել` այդ հարցը քննարկման թեմա դարձնելու համար: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ խնդրի վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը, ապա ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բազմիցս ասել է, որ իրենք ևս ուշիուշով հետևում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքին և այդ գործընթացը տեսնում են այդ աշխատանքների մեջ: Այսինքն` այն փորձերը, ջանքերը, որ ըստ ադրբեջանցիների` ՆԱՏՕ-ն պետք է ներգրավվի այս գործընթացների մեջ, մի քանի տարի է չի իրականանում և չի էլ իրականանա»,- ասել է նա:

No comments: