Panorama.am. 13-8-2010- «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին առաջարկը ոչ միայն բնական, այլև շատ կարևոր քայլ է Հայաստանի համար»,- անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ ներկայացված առաջարկին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
«Չմոռանանք, որ մինչ այդ եղած պայմանագրով հայ-թուրքական սահմանը հաջողությամբ պահպանվում էր ռուսական զորքերի կողմից, սակայն այս նոր պայմանագրով Հայաստանն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կստանա»,- ասաց խորհրդարանականը:
Այնուհետև Հ. Սահակյանը նշեց. «Ով չի հիշում, մեկ անգամ ևս կհիշեցնեմ, որ Հայաստանը գտնվում է երկու «եղբայրական» պետությունների մեջտեղում, պետություններ, ում հետ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի: Այս պայմանագիրը տարածաշրջանն առավել անվտանգ կդարձնի: Եկեք չմոռանանք, որ Թուրքիան միայն իր մարդկային ռեսուրսներով մոտ 20 անգամ գերազանցում է Հայաստանին»:
Նրա խոսքերով, այս նոր պայմանագիրը Հայաստանին հնարավորություն կընձեռի անընդհատ արդիականացնել ժամանակակից ռազմական տեխնիկան, ինչի արդյունքում զորքերի մարտական պատրաստականությունն առավել բարձր մակարդակի կբերվի:
«Մի շարք գործիչներ իրենց հայտարարություններով զարմանք են առաջացնում՝ մոռանալով, որ ՌԴ-ի հետ ռուսական ռազմակայանների տեղակայման առաջին պայմանագիրը հենց իրենց իշխանության տարիների է ստորագրվել: Եվ երբ այսօր այդ պայմանագիրը լրամշակվել է, ինչը Հայաստանի համար առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում, հանկարծ հայտնվում են ինչ-որ գործիչներ և անհասկանալի հայտարարություններ անելով` փորձում են մեկ բաժակ ջրի մեջ մեծ փոթորիկ բարձրացնել»:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment