Saturday, August 14, 2010

Ի՟ՆՉ Է ԱԿՆԱՐԿԵԼ ԳՅՈՒԼԸ

«Լրագիր» 13-8-2010- Ադրբեջան այցի նախօրեին Աբդուլահ Գյուլը պատասխանել է APA գործակալության հարցերին: Խոսելով միեւնույն ՙմեծ ազգի առանձին մասնիկների՚ թեմայով, նա, մասնավորապես, ասել է. ՙԻնչեր է արել Կովկասի իսլամական բանակը Նուրի փաշայի հրամանատարությամբ, այդ մասին ադրբեջանական ժողովուրդը լավ գիտի՚: Որքան էլ ՙմեկ ազգ` երկու պետություն՚, այնուամենայնիվ, Թուրքիան եւ Ադրբեջանը երկու սուվերեն երկրներ են: Եւ դիվանագիտական պատշաճությունը, կարծես, պահանջում է, որ հարեւան երկիր այցի նախապատրաստվող կողմը առավելագույն նրբանկատություն ցուցաբերի: Եթե, իհարկե, խոսքն իրոք միմյանց սուվերենությունը փոխադարձաբար հարգող երկրների մասին է: Գյուլի ՙքաղցրաշուրթ՚ հիշեցումն, այնինչ, թափանցիկ ակնարկ է այն մասին, թե իրականում ում է սուվերենությամբ պարտական Ադրբեջանը: Այլապես ի՟նչ կարիք կար անդրադառնալ անցյալ դարասկզբի իրադարձություններին եւ հատուկ շեշտել Կովկասի իսլամական բանակի եւ Նուրի փաշայի դերակատարությունը: Թուրքիայի նախագահը հնարավորություն ուներ բավարարվել նրանով, որ այցելեր Բաքվում ՙթուրք ազատարար զինվորի՚ հուշարձանին: Դա Ադրբեջան այցելող թուրք պաշտոնյաների համար պարտադիր արարողակարգ է: Գյուլը, սակայն, նախընտրել է այդ մասին խոսել այցից առաջ: Հավանաբար, սա ակնարկ է Ադրբեջանին, որ Թուրքիան, ամեն դեպքում, եղբայրներից ավագն է: Շատ հետաքրքիր է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ էլ օրերս գրել են, թե Դավութօղլու- Մամեդյարով վերջին հանդիպումը բավական լարված մթնոլորտում է անցել: Պատճառն այն է, որ Դավութօղլուն Ադրբեջանից պահանջել է ՙհինգ հանրահայտ անձանց՚ հանձնել թուրքական արդարադատությանը: Ըստ Թուրքիայի, հիշյալ անձինք սերտորեն կապված են Քրդական բանվորական կուսակցության հետ եւ նույնիսկ ֆինանսավորում են վերջինիս ՙահաբեկչական գործողությունները՚: Նախկինում թուրքական իշխանությունները Ադրբեջանից նաեւ պահանջել էին ՔԲԿ-ն հայտարարել ՙահաբեկչական կազմակերպություն՚, սակայն որեւէ հաջողության չեն հասել: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդին Հեյդարովի հովանավորությունը վայելող գործիչներն օրերս ՙսենսացիոն բացահայտում՚ են արել: Նրանց հաշվարկներով, կառավարության եւ խորհրդարանի անդամների 21 տոկոսն էթնիկ քրդեր են,19-ը` հայ: Չի կարելի բացառել, որ Հեյդարովի նախաձեռնությունը գալիս է Անկարայից: Եւ պատահական չէ, որ այն դրսեւորվել է Գյուլի այցելությունից մի քանի օր առաջ: Հավանական է, որ Բաքվում Գյուլը հիմնավորապես բարձրացնելու է ՔԲԿ գործունեության հետ կապ ունեցող անձանց, այդ կուսակցությունը ՙահաբեկչական կազմակերպություն՚ ճանաչելու հարցերը: Նա, ըստ երեւույթին, համոզված չէ, որ ՙկրտսեր եղբայրը՚ անսալու է ՙավագի՚ հորդորներին: Եւ այդ պատճառով էլ նախապես հիշեցրել է Կովկասի իսլամական բանակի եւ Նուրի փաշայի դերը: Թերեւս, սա նաեւ ակնարկ է, որ եթե այսօր Թուրքիան այլ կերպ վարվի, ապա Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենա: Իսկ Իլհամ Ալիեւը շարունակում է դատարկաբանել ՙՀարավային Կովկասում միակ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարող երկրի՚ թեմայով:

No comments: