Monday, August 16, 2010

ՕԲԱՄԱՅԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Financial Times պարբերականը գրել է, որ Միացյալ Նահանգները վերջնագրիր են ներկայացրել Թուրքիային, որպեսզի այդ երկիրը փոխի իր քաղաքականությունն Իրանի եւ Իսրայելի հանդեպ: Թերթի հրապարակման համաձայն, վերջնագիրը Թուրքիայի վարչապետ Էրդողանին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Հակառակ պարագայում ԱՄՆ սպառնում է Թուրքիային զրկել նրա ակնկալած ամերիկյան զենքից: Այդ մասին գրում է Ռեգնումը: Մասնավորապես, Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է անօդաչու օդանավեր, որոնք հագեցած են “Ռիպեր” հրթիռներով: Թուրքիան դա ցանկանում է քուրդ անջատականների դեմ պայքարի համար, որոնք հիմնվել են Իրաքի հյուսիսում գտնվող լեռներում: Financial Times-ը գրում է, որ Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի վարչապետին ասել է, թե Թուրքիայի որոշ քայլեր Միացյալ Նահանգների Կոնգրեսի մոտ կասկած են առաջացրել Անկարայի հուսալի դաշնակից լինելու կապակցությամբ: Թերթի տվյալով, Վաշինգտոնը խիստ հիասթափվել է հունիսին ՄԱԿ անվտանգության Խորհրդում Իրանի վերաբերյալ բանաձեւին Թուրքիայի դեմ քվեարկելու կապակցությամբ: “Թուրքիան պետք է ցույց տա, որ լրջորեն հաշվի է առնում անվտանգության ոլորտում ԱՄՆ ազգային շահը”. Ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցչի խոսք է մեջբերում Financial Times-ը: Թերթը գրում է, որ հավանաբար այդ տեղեկատվությունը վերաբերում է վերջերս Օբամայի եւ Էրդողանի միջեւ տեղի ունեցած զրույցին:

No comments: