Saturday, September 18, 2010

ԵՐԲ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՆԱՅՈՒՄ Է ՔԱՐՏԵԶԻՆ...

«ԱԶԳ», 18-09-2010- Թուրքալեզու երկրների 10-րդ գագաթաժողովում, որն այս օրերին տեղի է ունենում Ստամբուլում, Ադրբեջանի նախագահը իր ելույթում իհարկե անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին: Ինչո՞ւ իհարկե, որովհետեւ հարեւան երկիրը նույնիսկ սպորտային կամ մշակութային ամբիոններն է օգտագործում` Ղարաբաղի մասին խոսելու համար: Իլհամ Ալիեւը նշել է. «Ժողովուրդների ինքնորոշման ցանկությունը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը: Այդ երկու հասկացությունների միջեւ չպետք է հակադրություն ստեղծվի. միջազգային պրակտիկան եւ միջազգային իրավունքը սատարում են այդ դիրքորոշումը: Հայերը, որոնք ապրում են ԼՂ-ում, եւ ադրբեջանցիները, որոնք կվերադառնան ԼՂ, պետք է ապրեն միասնական ադրբեջանական պետության շրջանակներում` բարձր ինքնավարության հնարավորություն ընձեռող սկզբունքերի հիման վրա»: Նախ, «շնորհակալություն» հայտնենք հարեւան երկրի նախագահին, որ նա վերջապես` այն էլ թուրքախոս երկրների նախագահների ներկայությամբ, նշեց «ժողովուրդների ինքնորոշման ցանկության մասին», սակայն նաեւ ընդգծենք, որ դա ոչ այնքան «ցանկություն» է, որքան «իրավունք»: Բացի այդ, Իլհամ Ալիեւը նշել է, թե արդի Զանգեզուրը «թուրքական աշխարհի հին ու անբաժանելի մասն է. «Քարտեզին նայելու դեպքում կարելի է տեսնել, որ եթե չկատարվեր այդ պատմական անարդարությունը, այսօր թուրքական աշխարհը կմնար միասնական տարածք նաեւ աշխարհագրական տեսանկյունից», նշել է Ալիեւը Ստամբուլում: Հետաքրքրական է, որտե՞ղ էր այդ թուրքական աշխարհը, այս օրերին Ստամբուլում հավաքված պարոնների նախնիներն ո՞ւր էին, երբ նույն այդ Ստամբուլը Կոստանդնուպոլիս էր. կարելի է ոչ միայն աշխարհագրություն, այլեւ պատմություն սովորել:

No comments: