Wednesday, October 20, 2010

Մամուլի ազատության ցուցանիշով 101–րդ հորիզոնականում լինելը խայտառակություն է. Վլադիմիր Կարապետյան

«Մամուլի ազատության ցուցանիշով 101–րդ տեղում լինելը կարող է պատիվ բերել միայն Հանրապետական կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչներին, բայց իմ կարծիքով՝ սա խայտառակություն է իմ երկրի համար, որտեղ ես ապրում եմ»,– Tert.am–ին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այսօր հրապարակել է «Մամուլի ազատություն – 2010» ինդեքսը, որում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 178 երկրների ցանկում զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Նույն կազմակերպության 2009թ. ինդեքսում Հայաստանը զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը։
«Լրագրողները քաղաքական գործիչներից ավելի լավ կարող են մեկնաբանել մամուլի ազատության վիճակը։ Երեկ մենք պիկետ էինք կազմակերպել «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի առնչությամբ և որևէ հեռուստատեսություն այդ մասին որևէ տեղեկություն չներկայացրեց։ Նույնը նաև հանրահավաքի մասին կարող եմ ասել։ Այսինքն, սա լրատվամիջոցների ազատության լավագույն ցուցանիշն է»,– ասաց Վլադիմիր Կարապետյանը։
ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ մամուլի ազատության հարցերում այսօր ավելի նախանձելի վիճակում են ինտերնետային կայքերը, որոնց մի մասը լիովին, մյուս մասը՝ ոչ ամբողջությամբ, բայց շատ ավելի ազատ են իրադարձությունների լուսաբանման հարցում։
Ըստ Վլադիմիր Կարապետյանի, հեռուստաընկերություններն իրենց լրատվական հաղորդումներում «5 տոկոս ազատություն էլ չունեն», ազատ չեն անգամ հեռուստատեսային ոչ լրատվական հաղորդումներում։ «Ինձ վերջին 9–10 ամսում որևէ հեռուստաընկերությունից որևէ ծրագրի մասնակցելու չեն հրավիրել, և սա պրակտիկա է, որը կիրառվում է բոլոր ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,– նշեց Վլադիմիր Կարապետյանը։

No comments: