Thursday, October 21, 2010

«ԺԱՆԴԱՐՄԸ»ՙ ՆՈՐ ՎԵՊ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՆ-ՈՒՄ

«ԱԶԳ», 21-10-2010 - The New York Times-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում լույս է տեսել հայազգի ամերիկացի գրող եւ իրավաբան Մարկ Թ. Մուսթյանի «Ժանդարմը» (The Gendarme) վեպը, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին:
Panorama.am-ը` հղում անելով The New York Times-ին, փոխանցում է, որ վեպում միահյուսվել են ներկան ու անցյալը: Վեպի գլխավոր հերոսը` ժանդարմը (ասկյար) 92-ամյա թուրք Էմմեթ Քոնն է, որը ծնվել է Օսմանյան Թուրքիայում, սակայն Թուրքիայի տարածքում գտնվող Գալիփոլլի տեղանքում տեղի ունեցած հայտնի ճակատամարտում վիրավորվելուց հետո սխալմամբ տեղափոխվել է բրիտանական հոսպիտալ: Քոնն ապաքինվում է, սակայն մասամբ կորցնում է հիշողությունը, նա ամուսնանում է ամերիկացի մի բուժքրոջ հետ եւ մեկնում Միացյալ Նահանգներ:
Եվ ահա, տասնյակ տարիներ անց 92-ամյա Էմմեթ Քոնը տառապում է գլխուղեղի քաղցկեղից, գիշերային մղձավանջների տեսքով Քոնի գիտակցության մեջ սկսում են արթնանալ հիշողությունից դուրս մնացած իր կյանքի ահասարսուռ դրվագները: Էմմեթ Քոնն իրեն տեսնում է արյունարբու, դաժան 17-ամյա թուրք ժանդարմի կերպարում, որն անմարդկային տանջանքների է ենթարկում Թուրքիայից դեպի Սիրիա հարյուր հազարավոր քարավաններով բռնագաղթող հայերին: Նա տեսնում է, թե ինչպես ձիավոր մի թուրք ասկյար ձիու սմբակով ճզմում է հայ նորածին երեխայի գլուխը: Իր տեսիլքներում Քոնի կերպարանքով թուրք երիտասարդ ժանդարմը սիրահարվում է լուսավոր ու խորաթափանց աչքերով մի հայ աղջկա եւ այդ սիրո միջոցով փոխում իր վերաբերմունքը հայերի նկատմամբ:
Խոսելով Մուսթյանի «Ժանդարմը» վեպի մասին` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանը նշել է. «Մուսթյանը յուրահատուկ մի վեպ է գրել` ընդգրկելով 20-րդ դարի ամենաբարդ խնդիրներից մեկը, խնդիր, որն այսօր` 21-րդ դարում, շարունակում է սպառնալ մարդկությանը: «Ժանդարմը» ներկայացրել է, թե ինչ ահռելի ծավալներով չարիք կարող է պարունակել մարդկությունը, եւ ինչպիսի հետքեր է այդ չարիքը թողնում մարդկային ճակատագրերի վրա: Սա ողբերգական, ցավալի, բայց եւ ճշմարտացի վեպ է»:
Վեպի ավարտին 92-ամյա նախկին թուրք ժանդարմը եզրակացնում է, որ ինքն իր հիվանդության առաջ նույնքան միայնակ է, ինչպես հայերն էին` Թուրքիայից Սիրիա տանող մահվան ճանապարհին:

No comments: