Thursday, October 21, 2010

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ

«Լրագիր» 21-10-2010- Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարում է, թե ինքն իրեն էլ տալիս է հարցը, թե ինչն է խանգարում Հայաստանում պայքարել մենաշնորհների դեմ, բիզնեսի եւ իշխանության սերտաճման դեմ: Բայց հետո նա ասում է, որ քանի որ գրագետ եւ կարդացած մարդ է, գիտե, որ պատմությունն է այդպես եղել, բոլոր երկրներն են դրա միջով անցել, որ կապիտալի նախնական կուտակման ժամանակ մենաշնորհները, օլիգարխները, բիզնեսի եւ իշխանության սերտաճումn անխուսափելի է:
Կասկած չկա, որ Վարդան Բոստանջյանը գրագետ եւ կարդացած մարդ է: Պարզապես պետք չէ Հայաստանի ներկայիս իրավիճակի պատմական անխուսափելիությունը դարձնել կարդացածության եւ գրագիտության չափանիշ: Օրինակ, եթե որեւէ մեկը ասի, որ Հայաստանում առկա մենաշնորհները, բիզնեսի եւ իշխանության սերտաճումը ոչ թե պատմական օրինաչափության, այլ պարզապես մարդկային ագահության, անպարկեշտության, անհեռատեսության, պետական մտածողության բացակայության, ոհմակային մտածողության կամ պարզապես տգիտության հետեւանք է, ապա դա ամենեին չի նշանակում, որ այդ կարծիքի հեղինակը գրագետ եւ կարդացած չէ:

Իսկապես, գրեթե բոլոր զարգացած երկրները, որոնք այսօր ընկալվում են որպես օրինակելի երկրներ, ժամանակին անցել են գրեթե այն խնդիրների միջով, ինչով այժմ անցնում է Հայաստանը: Բայց դա արդյոք նշանակում է, որ Հայաստանը չէր կարող չանցնել դրանց միջով: Չէ որ այդ խնդիրները օդից չեն ընկնում: Դրանք մարդկային կենսագործունեության հետեւանք են: Դրանք “էլիտայի” գործունեության արդյունք են: Այ, երբ հարցը դնենք այդ կտրվածքով, որ եթե մեր “էլիտան” այսպիսին է, ապա ունեցած խնդիրներն անխուսափելի են, ապա դա արդեն կլինի միանգամայն տրամաբանական:

Սակայն ասել, թե բոլոր երկրներն անցել են, ուրեմն մենք էլ չէինք կարող չանցնել, մեղմ ասած պարզունակ դատողություն է, որն ընդամենը առկա իրավիճակի համար պատասխանատվությունը “էլիտայի” վրայից գցում է պատմական օրինաչափության վրա: Բանն այն է, որ գրագետ եւ կարդացած մարդկանց համար, պատմական նախադեպերը ոչ թե ներկայիս իրավիճակն արդարացնելու միջոց պետք է լինեն, այլ պետք է լինեն Հայաստանում այդ նախադեպերի կրկնությունը կանխարգելելու կամ արագ հաղթահարելու դաս:

Այլ բան է, որ Վարդան Բոստանջյանը միգուցե մեր “էլիտայի” եզակի ներկայացուցիչներից է, որ ծանոթ է այդ նախադեպերին, ընդհանրապես գիր ու գրականությանը, հետեւաբար նա միայնակ չէր կարող որեւէ քայլ ձեռնարկել պատմական նախադեպերը Հայաստանում կանխարգելելու համար: Բայց գուցե այդ դեպքում արժե, որ չկարողանալով կանխարգելել, նա գոնե չփորձի իր գրագիտությունն ու կարդացածությունը կամա թե ակամա ծառայեցնել առկա համակարգի բյուրեղացմանը, հանրությանը համոզելով, թե այն, ինչ կա, չէր կարող չլինել:

Իսկ ընդհանրապես, խնդիրն ամենեւին այն չէ, թե ինչ կա-չկա այլ երկրներում, ինչ է եղել կամ չի եղել այնտեղ: Խնդիրն այն է, թե ինչ կա Հայաստանում, ինչ երկիր ենք ուզում ունենալ, հասարակական, տնտեսական, քաղաքական, մշակութային, իրավական ինչ որակի եւ տեսակի հարաբերություններ ենք ուզում հաստատել, մարդկային որ տեսակն ու արժեքային ինչ համակարգ ենք ցանկանում խրախուսել Հայաստանում: Այլապես ստացվում է, որ Հայաստանում այժմ միայն պատմական օրինաչափություններն են խրախուսվում, եւ ներկան ու ապագան սկսում են պատմությանը սպասարկել:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: