Thursday, October 7, 2010

ՄՈՒՇԻ «ԾՊՏՅԱԼ» ՀԱՅԵՐԸ

Նրանցից ոմանք այլեւս ծպտյալ չեն, հայերեն են սովորում ու վերադառնում քրիստոնյա արմատներին
«ԱԶԳ», 07-10-2010- Քառասունհինգամյա կաշեգործ Նեջմեթթին Աքդաշը Մուշում եւ ընդհանրապես Արեւմտյան Հայաստանում ինձ հանդիպած հայերից ամենալավ հայերենն էր խոսում: Սեպտեմբերյան մի զով երեկո մենք նստել էինք Մուշ քաղաքի կենտրոնում գտնվող «Պարկ Լոկանտասը» ռեստորանում: Սասունցի Նեջմեթթին Աքդաշը, որ իրեն ներկայացրեց երկրորդ անունով եւսՙ Արմեն Գալուստյան, պատմեց իր գերդաստանի պատմությունը: Մինչ մենք զրուցում էինք թեյի սեղանի շուրջը, մոտեցան մի քանի այլ հայեր, որոնց մեծ մասը հայերեն չգիտեր կամ գիտեր ընդամենը մի քանի բառ: Արմենը հայերեն բավական լավ էր խոսում, եւ զգացվում էր, որ եղել է այսօրվա Արեւելյան Հայաստանում ու արբանյակով հետեւում է հայկական հեռուստատեսություններին:
«Ես յոթ տարեկանում իմացա, որ հայ եմ, իմացա պատահական: Մեր գյուղում դպրոց չկար, հարեւան գյուղում էինք դպրոց գնում: Մի օր դպրոցի ճանապարհին մի քուրդ հովիվ ինձ ծեծեց եւ դպրոցական մյուս երեխաների մոտ ասաց, որ ես հայ եմ: Ես այդ օրը առաջին անգամ լսեցի էրմենիՙ հայ, բառը: Տուն վերադառնալով, ես անմիջապես պապիս հարցրեցիՙ պապի՛կՙ ես քո՞ւրդ եմ, թե՞ հայ: Ես գիտեի, թե քուրդ եմ: Պապս առաջին անգամ ասաց, որ մենք հայ ենք: Պապս դրանից հետո ամեն ինչ պատմեց: Նա ջարդի ժամանակ տասնյոթ տարեկան է եղել, ամեն բան շատ լավ էր հիշում ու մեզ պատմում: Ես յոթ տարեկանից պապիս օգնությամբ սկսեցի հայերեն սովորել: Պապս ինձ ասում էր, որ մեծանաս, կգնաս Խորհրդային Հայաստան, կգնաս Խոր Վիրապ, Էջմիածին, Գառնի... Հայաստանի անկախությունից հետո ես եկա Հայաստան ու գնացի բոլոր այն վայրերը, որ նա ինձ ասել էր գնալ»,- պատմեց Արմենը:
Թեյի սեղանի մոտ հավաքված մյուս մշեցիները, բացառությամբ Արմենի 18-ամյա որդուՙ Այքան Աքդաշի կամ պարզապես Հայկի, հայերեն գրեթե չէին հասկանում ու լեզուների վրա հալեցնելով շաքարի հերթական կտորըՙ թեյ էին խմում: «Պարկ Լոկանտասը» ռեստորանի տերը Արմենի քեռին էՙ եւս արմատներով հայ, սակայն հայերեն չգիտի ու մոլի մահմեդական է Աբդուռահման կամ Աբո անունով:
Նեջմեթթին Աքդաշը շարունակեց իր պապերիՙ Գալուստյան ընտանիքի պատմությունը: Արմատներով Սասունի Սեմալ գյուղից են, նրա պապը ջարդի դժնդակ օրերին փախել է եւ կարողացել է փրկվել: Նրան պահել է մի քուրդ կին: «Ապա իմ պապը տեղափոխվել է Տիգրանակերտՙ Դիարբեքիր, ավելի ուշՙ Մուշի Կոմար գյուղը»,- պատմում էր Արմենը: Մինչ նա կշարունակեր իր պատմությունը, մեր շուրջը հավաքվում էին այլ հայեր եւ հետեւում իրենց համար դեռեւս օտար լեզվով խոսակցությանը:
Արմենը յոթ երեխա ունիՙ երեք աղջիկ, չորս տղա, ասաց, որ տանը հիմնականում խոսում են քրդերեն: Երբ հարցրեցիՙ մահմեդակա՞ն ես, ինչպես քո քեռինՙ ռեստորանի տեր Աբոնՙ Արմենը պատասխանեց. «Դա թող իմ մեջ մնա»: Նրա որդիներից մեկըՙ Այքան Աքդաշը կամ Հայկը, հայերեն խոսում էր, բայց ոչ այնքան լավ: Արեւելյան Հայաստանում եղել էր, ասաց, որ կուզեր Երեւանի համալսարանում սովորել: Հայկը հայերեն սկսել է սովորել հորից եւ բառարանի օգնությամբ:
«Ես եմ բառարանները բաժանել»,- շարունակեց Արմենը: «Լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքն այս կողմերից է, այստեղի հայության համար մեծ գործ է արել: Լատինատառ բառերով հայ-թուրքերեն բառարան է պատրաստել տվել, ես էլ բաժանել եմ Տիգրանակերտում, Վանում, Սասունում: Մեծ մասը երիտասարդներն են, որ ուզում են հայերեն սովորել: Առաջ վախենում էինք անգամ խոսել մեր հայ լինելու մասին, հիմա այլեւս չենք վախենում, Եվրոպան ուշադիր է: Մեզ օգնում է նաեւ Ֆրանսիայի նախարար Պատրիկ Դեվեջյանը, որը Խարբերդից է, մոտ քառասուն տարի առաջ է տեղափոխվել Ֆրանսիա»,- պատմեց Արմենը:
Մուշի շրջանում մոտ 150 տուն ընդունում են, որ հայ են, թեեւ նրանց մեծ մասը հայերեն չգիտի: «Հաց թխելու ժամանակ խմորի վրա մատով խաչ ենք անում: Մենք միմյանց հետ լավ կապեր ունենք: Տխրություն կամ ուրախություն լինի, իրար հետ ենք: Այն հայերը, ովքեր անգամ ենթագիտակցորեն են հայ, պահպանել են հայության հուշը, բայց խոսում են քրդերեն եւ հաճախում մզկիթ, նրանք հիմնականում միմյանց մեջ են ամուսնանում: Նրանք գիտեն, հիշում են իրենց անցյալի, իրենց պապերի մասին եւ փորձում են չամուսնանալ քրդերի կամ թուրքերի հետ: Մենք էլ նույնը, ուրիշին աղջիկ չենք տալիս, ուրիշից աղջիկ չենք բերում»,- շարունակեց Արմենը:
Կրիպտոՙ ծպտյալ հայերը, ինչպես պնդում են թեմայով զբաղվող մասնագետները, ձեւավորվել են արեւմտահայության մի քանի շերտերից: Դրանց մեջ են այն հայերը, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո, թուրքական յաթաղանից փրկվելու ակնկալիքով, ընդունել են մահմեդականություն, ինչպես նաեւ նրանք, ովքեր առեւանգվել են ու կնության տրվել մահմեդական քրդերին ու թուրքերին կամ որդեգրվել մահմեդական ընտանիքների կողմից: Այժմ արդեն նրանց ծպտյալ անվանելը այնքան էլ արդարացված չէ, քանի որ որոշ մասը այլեւս չի վախենում ընդունել իր հայ լինելը, թեեւ նրանք շարունակում են կրել մահմեդական ինքնություն, խոսել քրդերեն եւ հաճախել մզկիթ:
Արմենը պատմեց, որ Մուշ քաղաքի երկու մզկիթները նախկինում եղել են եկեղեցիներ, իսկ մի քանի այլ եկեղեցիներ ուղղակի քանդվել կամ փլուզվել են: «Հիմա այլեւս չենք վախենում խոսել այդ մասին, հիմա անգամ բոլորն են խոսում ցեղասպանության մասին: Հայկական գյուղերի անունները տասնամյակներ առաջ փոխել են, բայց մինչեւ հիմա էլ բոլորը օգտագործում են հին հայկական անուններըՙ Ղարսիկ, Նորշեն, Կոմար, Կարմիրխաչ, Խորոնք»: Նա թվարկեց Մշո դաշտի ու Սասունի տասնյակ հայկական այլ գյուղերի անուններ եւ ասաց, որ մինչեւ հիմա էլ քրդերը հին հայկական անունն են օգտագործում:
Արմենն ասաց, որ վերջին տարիներին պոլսահայության հետ լավ կապեր են պահպանում: «Հրանտ Դինքի ժամանակ սկսվեց, ողորմի Հրանտին, նա շատ ազգասեր էր: Նա էր թերթում հայտարարություն տվել եւ գրելՙ ով հայ է, կարող է այդ մասին տեղյակ պահել «Ակօս»-ի խմբագրությանը: Հրանտի սպանությունից հետո այստեղի հայերն ավելի շատ սկսեցին բացահայտ խոսել իրենց հայ արմատների մասին»,- ասաց Արմենը:
Երբ հարցրեցի, թե չե՞ն պատրաստվում հայկական, գոնե կիրակնօրյա դպրոց բացել, Արմենը պատասխանեց. «Հիմա դեռ դժվար է: Թուրքիան դեռ այդքան ազատ երկիր չէ: Հայաստանը շատ ավելի ազատ երկիր է, քան Թուրքիան»:
Ես չգիտեմ, այն ինչ խոսում էր Արմենը, անկե՞ղծ էր ասում կամ նույնը կպատմե՞ր թուրքերի ու քրդերի ներկայությամբ, բայց այն, ինչ ասաց զրույցի վերջում, ինձ զարմացրեց. «Ես սա համարում եմ Հայաստան, մենք պիտի հետ վերցնենք այս հողերը: Հայերը այստեղ ապրել են հինգ հազար տարի: Մենք Անիի նման քաղաք ենք թողել, Սասուն ենք կորցրել, մեր քոքըՙ արմատը, այստեղ է, մենք պիտի այս հողերը վերցնենք: Ես չեմ ուզում, որ Հայաստանի հետ սահմանը բացվի: Թուրքերը կգան, կլցվեն Հայաստան: Այնպես, ինչպես այստեղՙ Մուշում են մեր հողերը առել, նույն ձեւով էլ Հայաստանում կլինի»:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: