Thursday, October 7, 2010

ԱԼԻԵՎԸ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՄՈՌԱՑԱԾՙ ԽՈՍՈՒՄ Է «ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

«ԱԶԳ», 07-10-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատման առաքելությունը հետաքրքրական երթուղիներով է անցնում: «Ազգը» տեղեկացրել էր երեկվա իր համարում, որ Ադրբեջանի նախագահը գտնվում էր Նախիջեւանում: Երեկ Մինսկի խմբի համանախագահներն իրենց ուղեկցող փորձագետների հետ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերին հանդիպելու համար մեկնել էին Նախիջեւան, որտեղից էլ երեկ ժամանել են Երեւան` հանդիպելու ինչպես արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, այնպես էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հետաքրքրական է, որ ինչպես Նախիջեւան գնալու, այնպես էլ Երեւան գալու համար համանախագահներն, ամենայն հավանականությամբ, թեեւ ինքնաթիռով, բայց պետք է հատեին Հայաստան-Նախիջեւան սահմանը: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, դաշտային գնահատման առաքելության խումբը Նախիջեւանում երեկ առավոտյան հանդիպել է Ադրբեջանի նախագահին: Վերջինս, ըստ Ազերթաջ գործակալության, գոհունակություն է հայտնել Նախիջեւանում առաքելության ներկայացուցիչներին ընդունելու առնչությամբ` դրական գնահատելով այցելությունը:
Ակնհայտորեն առավել մեղմացած բառապաշարով է խոսել Ալիեւ կրտսերը, ընդգծելով ԵԱՀԿ գնահատման առաքելության 2004-ին պատրաստած զեկույցի կարեւորությունը: Ալիեւը հույս է հայտնել, թե այս առաքելության արդյունքներով կպատրաստվի «օբյեկտիվ զեկույց, որում կարտացոլվեն Ադրբեջանի տարածքներում անօրինական բնակավայրերը, ավերումներն ու օկուպացիայի փաստը»:
Թերեւս պատմական զավեշտների թվին կարելի է դասել այն հանգամանքը, որ Նախիջեւանում նստած Ալիեւն, առանց ամոթի, խոսել է ավերածություններից այն դեպքում, երբ Հին Ջուղայի ջարդված խաչքարերը շատ թարմ իրողություն են: Կամ հենց օկուպացիա ասելով Ալիեւը թերեւս մոռացել է Նախիջեւանի օկուպացման, յուրացման, ադրբեջանացման մասին, որով էլ այդ տարածքն այժմ ուղղակի հայազուրկ է: Դրան էլ ադրբեջանական իշխանություններն ուզում են ավելացնել նաեւ հայկական մշակութային ժառանգությունն այդ տարածքումՙ ջարդուփշուր անելով հայկականության որեւէ հետք չթողնելու հեռանկարը:
Նախիջեւանում Ալիեւ կրտսերի հետ հանդիպումից հետո առաքելության ներկայացուցիչները հատել են Հայաստան-Նախիջեւան սահմանը` Երեւանում հանդիպումները շարունակելու համար:
Ամեն դեպքում, հատկանշական է, որ Բաքվում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ տեւել է ավելի քան երեք ժամ: Առաքելության խումբը հանդիպել է նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովին:
Համանախագահների վերջին հայտարարության համաձայն, հոկտեմբերի 4-ից 14-ը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացվելիք դաշտային գնահատման խումբն այսօր կմեկնի Լեռնային Ղարաբաղ` շարունակելու ձեռնարկած փաստահավաք առաքելությունը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: