Monday, November 15, 2010

Վլադիմիր Կազիմիրով. 1994-ին Բաքուն միայն մտածում էր` ինչպես կանխի հայերի ելքը Քուռ գետ

Panorama.am. 15-11-2010- Ռուս դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն օրերս հրապարակած հոդվածում անդրադարձել է 1994 թվականին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու որոշ հանգամանքների:
Դիվանագետը, որ նշված համաձայնագիրը ստորագրելու հարցում անձնական մեծ ներդրում ունի, իր հոդվածով արձագանքել է Վաֆա Գուլուզադեի` նշված շրջանի իրողությունները հրապարակավ խեղաթյուրելու փորձին: «Նա չի ուզում խոստովանել, որ 1994 թվականի մայիսին` ռազմական մի շարք անհաջողություններից հետո, Բաքուն ինքն էր հաշտություն փնտրում»,- նշել է Վլադիմիր Կազիմիրովը` մանրամասն հակադարձելով ու մերկացնելով Գուլուզադեի շահարկումները:
Այս հոդվածում հետաքրքրական են հատկապես Վլադիմիր Կազիմիրովի հետևյալ պարզաբանումները. «Մայիսի 8-ին Հեյդար Ալիևի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ նրա ուղղակի օրհնությամբ Գուլիևը ստորագրեց Բիշքեկյան արձանագրությունը: Եվ Հեյդար Ալիևը նույն պահին` միանգամից խնդիր դրեց արագ նախապատրաստել հրադադարի մասին համաձայնագիր: Դա ամբողջությամբ համընկնում էր նաև մեր մոտեցմանը: Մայիսի 9-ին ԱՀ նախագահի մոտ ավելի նեղ շրջանակով իմ կողմից նոր պատրաստված նախագիծը քննարկելուց հետո նրա իսկ օրհնությամբ պաշտպանության նախարար Մ. Մամեդովը երկու անգամ ստորագրեց այն. սկզբում` միայն Ստեփանակերտի հետ, իսկ հետո` ներառյալ նաև Երևանը (տես` №22 և №23 ֆոտոփաստաթղթերը` «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում, էջ 396-397):

Վլադիմիր Կազիմիրովը հարկ է համարել Վաֆա Գուլուզադեի հիշողությունը թարմացնել նաև այդ շրջանում ռազմաճակատում տիրող իրավիճակի հարցում: «Ռազմաճակատում այդ օրերին տիրող իրավիճակի մասին հերյուրանքներում Գուլուզադեն կրկին ամեն ինչ գլխիվայր շուռ եկած է ներկայացնում. «Ադրբեջանն ակտիվորեն ճնշում էր հայկական զորքերին ճակատի գրեթե ողջ երկայնքով»: Այո, մոտավորապես այդպես էր, բայց 1993-94թթ. ձմռանը: Այդ հակահարձակումը նրան տվեց հսկայակ կորուստներ (հատկապես Օմարի լեռնանցքում) և բավականին համեստ արդյունքներ: 1994 թվականի ապրիլ-մայիսին Բաքուն մտածում էր միայն այն մասին, թե ինչպես պահի Թարթառն ու Բարդան, որպեսզի թույլ չտա հայերին դուրս գալ Քուռ գետի ափ (դա սպառնում էր 1993թ. ողբերգության կրկնություն, երբ հայերը դուրս եկան Արաքս գետի ափ` Իրանի սահման)»:

Ի դեպ, Վլադիմիր Կազիմիրովը տեղեկացրել է, որ ինքը փորձել է Վաֆա Գուլուզադեի հերյուրաքններին արձագանքել ադրբեջանական 1news.az կայքի միջոցով, քանի որ այնտեղ է տեղադրված եղել ադրբեջանցի քաղաքգետի հարցազրույցը: Սակայն կայքի խմբագրությունը մերժել է նրան, և ինքը ստիպված է եղել դա անել մեկ այլ լրատվամիջոցի միջոցով:

Գնահատելով իր դիմացինի պխահվածքը` Վլադիմիր Կազիմիրովը վստահություն է հայտնել, որ 1994 թվականի իրողությունները Վաֆա Գուլուզադեն չի մոռացել. «Անգամ ողջամտությունն է հուշում, որ առանց սուր անհրաժեշտության Բաքուն դժվար թե գնար անժամկետ հրադադարի` կորցրած լինելով 7 շրջան և ի հեճուկս իր նախապայմանների»:

No comments: