Thursday, November 25, 2010

ՍԻՄՈՆՍՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

«Լրագիր» 25-11-2010Lragir.am մեկնաբան Հակոբ Բադալյանը Բրյուսելից տեղեկացնում է, թե հանդիպելով Հարավային Կովկասի երկրներից ժամանած լրագրողներին, Հարավային Կովկասում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայաստանյան խմբի խնդրանքով անդրադարձել է Սերժ Սարգսյանի` Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ վեհաժողովին չմեկնելու որոշմանը, եւ նաեւ պատասխանել հարցին, թե ինչու է ՆԱՏՕ-ն միայն տարածքային ամբողջականության մասին արտահայտվել իր հռչակագրում:
Սիմոնսն ասել է, թե իրենց համար հասկանալի է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, եւ ափսոսում են, որ նա չի գնացել Լիսաբոն: Սիմոնսը, սակայն, նշել է, որ հայաստանի Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարները բավական ակտիվ մասնակցել են լիսաբոնյան քննարկումներին:

Ըստ հատուկ ներկայացուցչի, ՆԱՏՕ-ի համար տարածքային ամբողջականության սկզբունքը կարեւոր է: Սակայն, Ղարաբաղի հարցով ՆԱՏՕ դիրքորոշումը հստակ է, եւ Դաշինքն աջակցում է Մինսկի խմբին, որի ձեւաչափում արտահայտված են երեք սկզբունքներ` տարածքային ամբողջականություն, ինքնորոշում եւ ուժի չկիրառում:

Սիմոնսն ասել է, թե ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակում գործընթացին, եւ սակայն ափսոսանք է հայտնել, որ գործընթացը դանդաղել է: Ըստ Սիմոնսի, խնդիրը պետք է կարգավորվի մադրիդյան սկզբունքների առանցքով: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ “որոշ մարդիկ հետ են փորձում կանգնել մադրիդյան համաձայնություններից”, չհստակեցնելով սակայն, թե կոնկրետ ովքեր:

No comments: