Tuesday, November 9, 2010

Հանրագիտարանային տեղեկություններ` հատուկ Իլհամ Ալիևի համար

Panorama.am. 8-11-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ կոպիտ սխալներով հագեցած հրապարակային ելույթ է ունեցել: Չբացառելով հանգամանքը, որ նշված կեղծ տեղեկություններն Ադրբեջանի ղեկավարի ելությում հայտնվել են անգրագետ օգնականների ու սպիչռայթերների մեղքով` այնուամենայնիվ, հարկ ենք համարում նկատել, որ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (МГИМО) ավարտած Ալիև-կրտսերը պարզապես պարտավոր էր իմանալ ներքոշարադրյալի մասին և հանդես չգալ կլոունի դերում:
Նախ` մեջբերենք Ալիևի արտասանած անհեթեթությունները. «Լեռնային Ղարաբաղը մեր հայրենի, պատմական հողն է: Ադրբեջանական ժողովուրդը դարեր ի վեր ապրել և ստեղծագործել է Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում: Ներկայիս հայկական պետությունը կազմավորվել է պատմական ադրբեջանական հողերում: Երևանի խանությունը, Զանգեզուրի մախալը մեր պատմական հողերն են: Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր հայրենի երկրում` Լեռնային Ղարաբաղում, ստեղծվի հայկական երկրորդ պետություն: Ադրբեջանական ժողովուրդը չի համակերպվի այդ իրավիճակի հետ»:
Քանի որ Իլհամ Հեյդարօղլու դատողությունները հանրագիտարանային մակարդակի պնդումներ են, պարզաբանումների համար դիմենք դրանց: Ավանդաբար առավել հեղինակավոր ու հիշատակման արժանի հանրագիտարանների թվում նշվում է չորս հրատարակություն. անգլիական «Բրիտանիկան» (Encyclopedia Britannica), ֆրանսիական «Լառուսը» (Grand Larousse encyclopédique), գերմանական «Բրոքհաուզը» (Die Brockhaus Enzyklopädie ) և ռուսական (խորհրդային) «Սովետական մեծ հանրագիտարանը» (Большая Советская Энциклопедия ): Սրանցից յուրաքանչյուրի դեպքում կարելի է փնտրել անհրաժեշտ հասկացությունները և համեմատել Ադրբեջանի իշխանությունների տեսիլքն ու իրականությունը:
Նրանք, ովքեր չեն ցանկանում խորանալ փաստերի այդ սարդոստայնում, առաջարկում ենք ընթերցել մեկ այլ հեղինակավոր աղբյուրի` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)World Factbook-ը :
Այստեղ, մասնավորապես, «Ադրբեջան» բաժնում կարելի է կարդալ հետևյալ տեղեկանքը:
«Ադրբեջան – Մեծամասամբ թուրքական ու մահմեդական բնակչություն ունեցող երկիր: Կարճ ժամանակով` 1918-ից մինչև 1920-ը եղել է անկախ, կրկին անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության փլուզման արդյունքում` 1991 թվականին: Չնայած 1994-ի հրադադարին, Ադրբեջանը մինչ օրս կարգավորում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը` հիմնականում հայաբնակ տարածաշրջան, որը Խորհրդային Ադրբեջանին է տրվել 1920-ականներին Մոսկվայի որոշմամբ: Տարածքի համար Հայաստանի և Ադրբեջանի պայքարը սկսվել է 1988-ին, պայքարը թեժացել է այն բանից հետո, երբ երկրները 1991-ին Խորհրդային Ադրբեջանից անկախություն են ստացել: 1994-ի մայիսին, երբ ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը, էթնիկ հայկական ուժերը վերահսկում էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Ադրբեջանի հարակից տարածքների նշանակալից մասը: Կոռուպցիան երկրում ամենուր է, իսկ կառավարությունը, որտեղ նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը վերացվել է 2009-ի հանրաքվեով, մեղադրվել է ավտորիտարիզմի մեջ: Թեև վերջին տարիներին, ի հաշիվ նավթարդյունահանման, աղքատության մակարդակը կրճատվել է, սակայն Ադրբեջանի էներգետիկ ոլորտի հետագա զարգացման ադրյունքներով հարստացման խոստումները նկատելիորեն անկատար են»:
Հայաստանի պարագայում ԿՀՎ տեղեկանքը պատմական ավելի լայն շրջան է ընդգրկում:
«Հայաստան – Հպարտանում է այն բանով, որ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրն է (4-րդ դարի սկիզբ): Չնայած ինքնավարության փուլերին, դարերի ընթացքում Հայաստանն ընկել է տարբեր կայսրությունների տիրապետության տակ, այդ թվում` Հռոմեական, Բյուզանդական, Արաբական, Պարսկական և Օսմանյան կայսրությունները: Առաջին աշխարհամարտի ընթացքում Հայաստանի արևմտյան հատվածում Օսմանյան Թուրքիան ի թիվս այլ կոշտ քաղաքականությունների սկսեց իրականացնել բռնի տեղահանման քաղաքականություն, ինչի արդյունքում 1 միլիոն հայեր սպանվեցին: Հայաստանի արևելյան մասը օսմանցիների կողմից Ռուսաստանին է փոխանցվել 1828 թվականին, այդ հատվածը 1918-ին հռչակել է անկախություն, սակայն 1920-ին բռնազավթվել է խորհրդային Կարմիր բանակի կողմից: Հայ առաջնորդները շարունակում են մտահոգված մնալ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ տևական հակամարտությամբ` հայաբնակ շրջան, որը Մոսկվայի կողմից Խորհրդային Ադրբեջանին է փոխանցվել 1920-ին: Տարածքի համար Հայաստանի և Ադրբեջանի պայքարը սկսվել է 1988-ին, պայքարը թեժացել է այն բանից հետո, երբ երկրները 1991-ին Խորհրդային Ադրբեջանից անկախություն են ստացել: 1994-ի մայիսինն, երբ ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը, էթնիկ հայկական ուժերը վերահսկում էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Ադրբեջանի հարակից տարածքների նշանակալից մասը: Խաղաղ կարգավորման ուղղությամբ էական առաջընթացի բացակայության պատճառով երկու երկրների տնտեսությունները տուժել են: Հայ անջատողականների կողմից Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները վերահսկելու պատճառով Թուրքիան 1994-ին փակել է Հայաստանի հետ սահմանը, ինչը խոչընդոտում է հայկական տնտեսության հետագ աճին: Սակայն, 2009-ին հայ ղեկավար առաջնորդները փորձեցին Թուրքիայի հետ մերձենալու ուղիներ փնտրել, ինչը կարող է բերել սահմանների բացմանը»:
Իլհամ Ալիևի պատմագիտական բնույթի ցնորքները ցրելու համար, կարծում ենք, ներկայացվածը բավարար է (եթե ոչ` կարելի է ավելի խորը մեկնաբանություններ անել), բայց այստեղ հետաքրքրականն այն է, որ քողազերծված է նաև մեր ժամանակների իրողությունները խեղաթյուրելու Ադրբեջանի գործելաոճը: Արդյունքում` ԿՀՎ-ն արձանագրում է, որ Արցախը Խորհրդային Ադրբեջանին տրվել է Մոսկվայի կողմից, և այն վերահսկում են հայկական կազմավորումները:
Ինչ վերաբերում է երկրորդ հայկական պետության ստեղծմանն ընդդիմանալուն, ապա Իլհամ Ալիևին ստիպված ենք կրկին հանրագիտարանային տեղեկություններ մատուցել:
Ժամանակակից աշխարհի քաղաքական քարտեզի վրա առկա պետական կազմավորումների մեծ մասն ունեն լեզվական, կրոնական, էթնիկական բազմաթիվ ընդհանրություններ:
Իլհամ Ալիևն, օրինակ, կարող է իր համար բացահայտել, որ անգլերենը, բացի Միացյալ Թագավորությունից, պետական լեզուն է նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Աֆրիկայում և էլի հինգ տասնյակ երկրներում: Նույնը ֆրանսերենը կամ իսպաներենը:
Էթնիկական նույն միավորի` տարբեր պետական կազմավորումներ ունենալու օրինակներն էլ քիչ չեն: Օրինակ, արաբները նախկին խալիֆայության տարածքի մեծ մասի վրա ստեղծել են շուրջ երկու տասնյակ պետություն: Հետաքրքիր կլիներ իմանալ` դրանցից ո՞ր մեկի գոյության իրավունքն է Իլհամ Հեյդարօղլին կասկածի տակ դնում:
Կասեք, թե դա պատմական զարգացման արդյունք է և օրինաչափությունն այլևս չի գործում: Ճիշտ չէ: Օրինակ` ալբանացիներն ունեն Ալբանիա պետություն, բայց աշխարհը (կամ դրա մի մասը) չզլացավ ճանաչել Կոսովոյի անկախությունը: Կարծում ենք, Ստեփանակերտում էլ դեմ չեն լինի նախնական փուլում մասնակի ճանաչմանը, բայց դա լրիվ այլ հարց է, մինչդեռ Ալիևի արտաբերած պոստուլատն անհեթեթություն է:
Ինչո՞ւ` անհեթեթություն: Որովհետև Իլհամ Ալիևն ինքն էլ գիտի, որ ասածը հիմարություն է, բայց ասում է: Որտեղի՞ց գիտի: Թեկուզ հոր թողած ժառանգությունից. կարծում ենք, նա չի մոռացել, որ հոր օրոք Ադրբեջանը, ի դեմս Նախիջևանի խորհրդարանի, ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության` «թուրքական երկրորդ պետության» անկախությունը:
Հեղինակ` Արմեն Մինասյան

No comments: