Friday, November 26, 2010

Աբդուլլահ Գյուլը Սերժ Սարգսյանին կոչ է անում շարունակել պահպանել առաջնորդի և պետական գործչի գործելաոճը

Tert.am. 25-11-2010- Այսօր պաշտոնական այցով Շվեյցարիա է մեկնել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
CNNTurk–ի փոխանցմամբ՝ այցելության շրջանակում Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանում, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ հայ–թուրքական հարաբերություններին։
Աբդուլլահ Գյուլը, հիշեցնելով, որ անցած տարի Շվեյցարիայի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները, հայտարարել է, որ Թուրքիան վճռական է այդ փաստաթղթերը կյանքի կոչելու հարցում։
«Նման հարցերը հեշտությամբ չեն լուծվում, սակայն մենք վճռական ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունները կյանքի կոչելու հարցում և շարունակում ենք մեր անկեղծ ջանքերը Կովկասում հարատև և համապարփակ խաղաղության հաստատման համար։
Այն կետում, որում այսօր մենք հանգրվանել ենք, կարևոր դերակատարություն ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի հաջող եզրափակման համար հարգարժան Սարգսյանը համարձակորեն կշարունակի պահպանել մինչև օրս ցուցադրած իր առաջնորդի և պետական գործչի գործելաոճը»,– հայտարարել է Թուրքիայի նախագահը։

No comments: