
Ըստ «Ազադլիգ» պարբերականի` բոլորովին չի բացառվում, որ նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները կեղծվեն, և արդյունքում Ադրբեջանը հերթական անգամ լուրջ քննադատությունների թիրախ դառնա: Ինչպես երևում է, Թուրքիայի կառավարությունում նույնպես տեղեկություններ կան` կապված Ադրբեջանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի հետ:
«Իրականում այդ տեղեկությունները պատահական չեն ի հայտ եկել: Դա ծագում է Ադրբեջանում առկա ընտրական մթնոլորտի հակաժողովրդավարական լինելու, նախընտրական իրավիճակի անբարենպաստ լինելու հանգամանքից: Փորձագետների կարծիքով, միջազգային կազմակերպությունների, հատկապես, ԵԱՀԿ պատրաստած և հրապարակած զեկույցները հիմք են տալիս ենթադրելու, որ ընտրությունները հակաժողովրդավարական պայմաններում կանցկացվեն: Նման ընտրությունից հետո Ադրբեջանի կառավարության հետ որևէ երկխոսություն կարող է ուժեղացնել ցանկացած ժողովրդավարական երկրի առաջնորդի նկատմամբ քննադատությունը:
Բացի այդ, Բաքու այցելելով` Էրդողանը ստիպված կլինի ինչ-որ կերպ կարծիք հայտնել Ադրբեջանում անցկացվող ընտրությունների վերաբերյալ: Եթե նա խոսի ընտրությունները ժողովրդավարական նորմերին համապատասխան անցկացվելու մասին, ապա դա կարող է հետագայում Էրդողանի համար լուրջ խնդիր դառնալ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետի` Ադրբեջանում ընտրական գործընթացի բացահայտ քննադատությունը կարող է վնասել երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Իսկ դա Թուրքիայի կառավարության համար ցանկալի չէ: Այդ պատճառով, Էրդողանը ստիպված է եղել հետաձգել այցը և դա բացատրել է իր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև` Ադրբեջանում ուշադրությունը ընտրությունների վրա սևեռված լինելու հանգամանքով»,- եզրահանգել է «Ազադլըգ»-ի հոդվածագիրը:
No comments:
Post a Comment