Friday, November 26, 2010

ՊԱՏԵՐԱԶՄ ՉԿԱ, ԲԱՅՑ ԶՈՀԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Մեկ տարվա ընթացքում 44 զոհ, որից 7-ըՙ հրադադարի խախտման հետեւանքով
«ԱԶԳ», 26-11-2010- Վերջին մի քանի ամսվա ընթացքում բանակում մահերի թիվը մեծացել է, ինչն էլ հասարակական անհանգստության եւ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Կիրակի առավոտյան արձանագրվեց բանակում մահվան ելքով հերթական միջադեպը: Ջաբրայիլի զորամասում տեղի ունեցած միջադեպից գրանցվեց 4 զոհ եւ 4 վիրավոր: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է խիստ ծանր:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը երեկ կազմակերպել էր քննարկում` «Բանակում մահերի թվի աճի պատճառներն ու դրանք վերացնելու հնարավոր տարբերակները» խորագրով, որին հրավիրված էին խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների ծնողները, հասարակական կազմակերպությունների, պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության խորհրդի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ:
Պաշտպանության նախարարությունը մերժել էր քննարկմանը մասնակցել` նշելով, որ դաշտը կառուցողական չէ, հնչում են մերկապարանոց մեղադրանքներ, նաեւ չեն ցանկանում բանավիճել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, որը նույնպես հրավիրված էր քննարկմանը: Առանց որեւէ բացատրության հրաժարվել էր քննարկմանը մասնակցել նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, մինչդեռ առանց վերոնշյալ կառույցների ներկայացուցիչների մասնակցության անհնար է հարցերը քննարկել: Որովհետեւ խնդիրները վեր են հանվում, սակայն պատասխանող կողմ չկա: Եթե հայտարարում ենք, որ բանակում խնդիրներ չկան, դրանից խնդիրները չեն վերանում:
Արթուր Սաքունցի ներկայացմամբ` բանակում սպանություններն ու ինքնասպանություններ միշտ էլ գրանցվել են, բռնության ահազանգեր նույնպես ստացվել են, պարզապես հիմա հասարակության վերաբերմունքն է բանակի նկատմամբ փոխվել: «Խաղաղ պայմաններ են, բայց կան զոհեր:
Մինչ այս պահը բանակում գրանցվել է մահվան ելքով 44 դեպք, որից միայն 7-ը զինադադարի խախտման պարագայում: Պատասխանատուները չեն բացահայտվում, նախարարությունը մահվան դեպքերը ներկայացնում է ինքնասպանություն կամ «ռազբորկա»: Որեւէ մեկը իմացե՞լ է, որ 37 սպայի կամ հրամանատարի պատասխանատվության ենթարկեն, ո՛չ, ու փաստը, որ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարում է, թե զզվում է նման թեմաների մասին խոսելուց, սպանում է հույսը, որ բանակում կկատարվեն համարժեք քայլեր: Բանակը, որ պետք է ապահովի երկրի անվտանգությունը, վտանգավոր է դառնում քաղաքացիների համար: Ի՞նչ է նշանակում «չաստ նայող», զորամասը գաղո՞ւթ է, էնտեղ «զոն նայող» կա, էստեղՙ «չաստ նայող»:
Երեք տարի Գոհար եւ Սուրեն Օհանջանյանները փորձում են պարզել, թե ինչից է մահացել որդին` Տիգրան Օհանջանյանը (Տիգրան Օհանջանյանի եւ Արայիկ Ավետիսյանի պատմություններին «Ազգ»-ը բազմիցս անդրադարձել է-Հ.Հ.): «Ո՞րն է որդուս մահվան պատճառը, 19 տարի երեխա եմ մեծացրել, Ռուսաստանում էինք ապրում, նրան բերել եմ Հայաստան, որ գա հայրենիքին ծառայի, իսկ նրան սպանում են: Ասում են` դժբախտ պատահար է, որդիս էլեկտրահարվել է, բայց մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ», ասում է մայրը:
Տիկին Գոհարը դատաբժշկական փորձաքննության ժամանակ նկարել է որդու դին, որպեսզի կարողանա իրավապահ մարմիններին ապացուցել. որ որդուն սպանել, բայց արդեն երեք տարի որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում:
«Ապացուցե՛ք, որ որդուս գազանաբար չեն սպանել, ապացուցե՛ք, որ նա էլեկտրահարվել է, սրտիս մի անկյունում սփոփանք կգտնեմ, որ տղաս դժբախտ պատահարի զոհ է դարձել, իսկ եթե չեք կարողանում` ասեք, թե այդ ինչ դաժանություն է իմ որդին կատարել, որ նրան այդպես տանջել եք»:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Մկրտչյանը աստվածաբան Արայիկ Ավետիսյանի մայրն է: 2001-ին որդին ծառայում էր Վայքի զորամասում:
Մեկշաբաթյա արձակուրդից հետո Արայիկը պետք է հրամանատարին 100 դոլար վճարեր: «Հիշեք 2001-ը, 12.000 դրամ աշխատավարձ էի ստանում, երեք տարի աշխատավարձ չէի ստացել, գումար չունեի, որ տայի: Հրամանատարը 100 դոլարի համար որդուս սպանեց: Գումարտակի շտաբի պետը 9 քմ սենյակում 4 հոգու ներկայությամբ նրան սպանեց, հետո այն որակվեց անզգույշ սպանություն»:
Որդուն սպանողը պաշտոնական դիրքի չարաշահման համար նախատեսված 4.5 տարվա փոխարեն կալանավայրում անցկացրեց 2 տարի, հետո վերադարձավ զորամաս` որպես շտաբի պետ: «Որդուս սպանողը պետք է պատժվի, որ ուրիշ մայրեր իմ կարգավիճակում չհայտնվեն: Եթե ցանկանում եք ձեզ կփոխանցեմ որդուս նամակները ու ազգային բանակի մասին պատկերացում կկազմեք», ասաց տիկին Անահիտը:
Արթուր Սաքունցի գնահատմամբՙ հասարակության դժգոհությունն ու անհանգստությունը հասել է բարձրակետի, ու հիմա նախարարությունը պետք է համարժեք քայլեր կատարի, սակայն, վճռական քայլերի փոխարեն նախարարն ընդամենը կոսմետիկ փոփոխություններ է անում:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքի» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանի փոխանցմամբ կատարված սպանությունների վերաբերյալ սովորաբար ծնողներին սխալ տվյալներ են տրամադրում: Ջաբրայիլում կատարվածը բացառություն չէ:
«Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է կատարվել: Միջադեպը տեղի է ունեցել վերահսկողության բացակայության պատճառով: Ասում են` սպան մի րոպեով է դուրս եկել, ու զինվորներն իրար վրա կրակել են»:
Հուլիսի 28-ի 5 մահվան ելքով միջադեպի վերաբերյալ էլ որեւէ փորձաքննություն չի կատարվել:
Անդրադառնալով բանակի համակարգային խնդիրներին Սաքունցն ընդգծում է կոռուպցիան, օրենքի առաջ բոլորն են հավասար սկզբունքի բացակայությունը:
Նա ներկայացնում է գեներալ-մայոր Միքայել Գրիգորյանի նամակը: «Նամակում գեներալն անդրադառնում է սպաների սոցիալական ապահովության խնդրին, զորամասերում համատարած գողությանը, խարդախություններին, զինվորների եւ սպաների բարոյահոգեբանական վիճակին: Բայց այս նամակին որեւէ մեկն ուշադրություն չդարձրեց»:
Նրա փոխանցմամբՙ նախարարության ենթակայության տակ եղած շենքերը սեփականաշնորհում են, հետո նորից վաճառում նախարարությանը, բայց դրա դեմ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: «Մի՞թե նախարարությանը, ոստիկանությանը չի հետաքրքրում, թե 250.000 դրամ աշխատավարձ ստացող գեներալը ինչպե՞ս կարող է բիզնես ունենալ, այդքան թանկարժեք մեքենա վարել»:
Սաքունցի ներկայացմամբՙ նախարարությունը բանակը դարձրել է փակ ոլորտ, այնքան փակ, որ անգամ գաղտնի են պահում, թե ովքեր են բանակին սնունդ, հագուստ եւ դեղորայք մատակարարում:
Որպես իշխանության ներկայացուցիչ քննարկման մասնակցող ԱԱԽ աշխատակազմի բաժնի պետ Արտեմ Դավթյանի պատասխաններն էլ ոչ միայն համարժեք չէին, այլեւ չէին բխում նրա գործառույթից:
«Կան խնդիրներ, ո՞վ է ասում, որ չկան, բայց դրանք կան հասարակության մեջ, իսկ բանակը հասարակության հայելին է: Ի՞նչ է կատարվում հասարակությունում, ինչո՞ւ դրա մասին չեք խոսում, հեշտ է խփել բանակին, նախարարությանը», ասաց նա: Սաքունցի պատասխանն էլ հետեւյալն էր. «Զինվորի սննդի, հագուկապի, առողջության եւ խաղաղ պայմաններում կյանքի անվտանգության պատասխանատուն հրամանատարն է»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: